ԹԱՐՍ ԱՃԱԾ «ԽԻԱՐԻՑ» ՄԻՆՉԵՎ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտի համար 2013-ը մի կողմից` ամենախայտառակ, մյուս կողմից էլ` ամենաուրախ տարիներից էր, քանի որ իրադարձություններն ու մեր քաղաքական այրերի մտքի փայլատակումները պարզապես հանգստանալու եւ տխրելու ժամանակ մեզ չէին թողնում:

Հատկապես ուրախ էր նախագահական ընտրություններին նախորդող քարոզարշավը: Նախագահի միակ ու անկրկնելի իրական (այլ ոչ թե ձեւական) թեկնածու Սերժ Սարգսյանը` որպես նախկին բանասեր, իր լուման ներդրեց հայ ժողովրդական բանահյուսության մեջ` ներկայացնելով «Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես» շարքը: Ինչպես եւ բանահյուսության ցանկացած նմուշ, «Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես»-ը նույնպես Ս. Սարգսյանին հասել էր սերնդից սերունդ բանավոր փոխանցելու միջոցով, ինչն էլ հիմք դարձավ Ս. Սարգսյանի` «Ինչպես տատս էր ասում…» շարքի ներկայացմանը: Բանահավաքը եկավ այն եզրակացության, որ Հայաստանի հիմնական խնդիրը լրատվամիջոցների տարածած «գաղջ մթնոլորտն է», ինչի հետեւանքով Հայաստանում «խիարը թարս է աճում», եւ նա չկարողացավ «100-ից 100 խփել», 100-ից անգամ «60 խփել»:
Մինչ ժողովուրդը փորձում էր հարմարվել թարս աճող «խիարների» առկայության հետ, ռուսական «ԿԳԲ»-ի 43 տարվա հալածյալ, Հայաստանի անկախության սիմվոլ Պարույր Հայրիկյանի հանդեպ կատարվեց հերթական մահափորձը, որը կրկին ձախողվեց, քանի որ կատարողները «կաֆել ու մետլաղ խփողներ» էին, որոնց էլ վարձել էր էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որ համատեղության կարգով նաեւ տիեզերքի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր ՀՀ-ում: Ու թեպետ էպոսագետը պնդում էր, որ «վերեւում Աստված կա», ինքն էլ 81 տոկոսով ընտրվելու էր, իր «Աստվածը» 81 տոկոս ձայների փոխարեն ազատազրկում պարգեւեց:
Բայց «խիարը», այնուամենայնիվ, թարս էր աճում: Իսկ ի՞նչ անել, որ ճիշտ աճի: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այդ հարցում առաջարկեց 2 կետից բաղկացած իր լուծումը. 1. հետաքրքրվել «դիգին Սարգսյանն ինջբես է», եւ 2. «բադասխան» ուզել իշխանություններից: Ի վերջո, չստանալով այդ «բադասխանը»` Ր. Հովհաննիսյանը գտավ հարցի լուծման այլընտրանքային եւ նորարարական տարբերակ` Զորավարի հետ Ծիծեռնակաբերդում համատեղ աղոթելը:
Մինչ նրանք աղոթում էին, երկիրը գահավիժում էր անդունդ, վարչապետին ու Նավասարդ արք. Կճոյանին փորձում էին «զրպարտել»` նրանց անունով օֆշորային գոտում ընկերություն գրանցելով եւ Տիգրան Սարգսյանի հաշվի վրա 10 միլիոն դոլար փող դնելով: Դա դեռ բավական չէր, Կիպրոսից էլ ինչ-որ գլխավոր դատախազ եկավ` անհարմար Կլերիդաս անունով, որ ասաց, թե առանց մարդու իմացության հնարավոր չէ նրա անունով Կիպրոսում ընկերություն գրանցել:
Սակայն վարչապետին դա այդքան էլ չէր մտահոգում, նա կիթառ էր նվագում, «Կռունկ» երգում, սուլում… դե Կլերիդասն է, էլի՛, մի բան էր` ասաց, ու հիմա Կլերիդասը ստուգում է վարչապետի օֆշորային ստորագրությունը եւ համեմատում նմուշները:
Եվ իսկապես, ի՞նչ կարեւոր է, թե մարդիկ վատ բաներ են մտածում: Կարեւորն այն է, որ լավ բաներ են կատարվում. նոր էկզոտիկ բարեկամներ ձեռք բերեցինք` Սվազիլենդին, Վանուատուին: Դե Նալբանդյան ունենք, աշխարհը չունի. անցյալ տարի էլ ողջ Լատինական Ամերիկան, Աֆրիկան ու Օվկիանիան էր ոտքի տակ տվել:
Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակեց խաղարկել իր շախմատային պարտիան շախմատի ֆեդերացիայի նախագահի հետ: Ափսոս, մինչեւ հիմա Տեր-Պետրոսյանին գրոսմայստերի կոչում չեն տվել: Պարտիայի ընթացքում պարզվեց` ֆեդերացիայի նախագահն ինքն է «ցայտնոտի» ու «ցուգցվանգի» մեջ հայտնվել: Հայտարարվել է շախ, պարտիան շարունակվում է: Բայց ինչ սրտով են շարունակում` չես հասկանում, մանավանդ որ «պետության բաճկոնն էլ Սերժի հագովը չէր»: Ճիշտ եւ ճիշտ` կամուֆլյաժի նման:
Բաճկոնը մեծ էր, «Կարմիր գլխարկ»-ն էլ դարձավ մեր ժողովրդի ամենասիրելի հեքիաթներից մեկը այն աստիճան, որ սկսվեց կարմիր գլխարկների շարժումն ընդդեմ դեղին գլխարկների` ոչ թե երկոտանի, այլ իսկական` չորքոտանի ավանակների մասնակցությամբ:
ԱԽՔ-ն էլ հանկարծակի սեր ցուցաբերեց վոլեյբոլի նկատմամբ եւ փորձելով նմանվել ՌԴ ԱԽՔ Նիկոլայ Պատրուշեւին՝ դարձավ ֆեդերացիայի նախագահ ու կոչվեց «ՎԱԽՔ»: Սա դուր չեկավ մշտապես ժողովրդի կողքին գտնվող Գագիկ Ծառուկյանին, որը, օդանավակայանում ԱԽՔ-ին հանդիպելով, մեղմ ասած, արտահայտեց իր դժգոհությունը: Արդյունքում՝ օրեր շարունակ դիտեցինք «ԲՀԿ-ՕԵԿ ֆեյքերի ու բլոգերների պատերազմ» կատակերգական սերիալը, որի ընթացքում ակտիվ կերպով գովազդվում էին տարբեր ֆիրմաների պահպանակներ:
Իսկ երկիրը շարունակում էր գահավիժել՝ ձեռքի հետ ընթանալով Մաքսային միություն:
«ըՏպՉՈÿ չՏՑՏՉվՏրՑՖ վՏՎպՐ ՏՊՌվ»,-հայտարարեց Հովիկ Արգամիչը` համաձայնելով Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ քննարկումներ կազմակերպելուն: Հետո պիտի պարզվեր, որ ՄՄ ճանապարհին գազի պարտքեր էին ի հայտ եկել: Պարտքը փակելու համար պատգամավորները ձեռքով աշխատեցին, Հովիկ Արգամիչն էլ 77-ն ու 72-ը խառնեց իրար… Ձեռքի հետ էլ Շմայսին դիտողություն արեց. «Հայերեն ասեցի, չե՞ք հասկանում` հանգի՛ստ մնացեք, ձեզ համար ռուսերեն ասե՞մ»:
Բայց գազի «խմորը շատ ջուր քաշեց»: Մի հատ էլ էներգետիկայի նախարար ունենք, որ չի հիշում, թե երբ է ստորագրվել գազի գնի բարձրացման վերաբերյալ պայմանագիրը, բայց հիշում է` գազի գինը չի բարձրացել, ու պարտք չունենք: Պարզվեց` ամեն ինչ իրար է խառնել. պարտքը կուտակել ենք ու հիմա «քեշ փողով» փակվելու փոխարեն երկրի ունեցվածքն ենք տալիս ռազմավարական գործընկերոջը: Նախարարը ձեռքի հետ էլ տիրապետում է այլ գիտելիքների, օրինակ, որ կնոջը պետք է դանդաղ սիրել, թե չէ ի՞նչ խաբար է` մինչեւ սուրճի եփելը 2 անգամ: Հայեցի չէ… Եվ այդ մասին հիշեցնող ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը չէր մտածել, թե ինչպես դրան կարձագանքեն ապարանցի կանայք, որոնք դուրս եկան բողոքի ցույցի` դժգոհելով իրենց պատգամավորից, թե իրենք ցերեկային ժամերին նման բաներով չեն զբաղվում, ամոթ է… Եվ ընդհանրապես` մեր երկրում սեքս չկա:
Սեքս չկա, բայց կա կոկորդիլոսի եւ ընձուղտի միս, գինն էլ մատչելի է` ընդամենը 380 հազար դրամ, ընձուղտինը մի փոքր էժան` 280 հազարով կճարես: «Ապահով Հայաստանի» քաղաքացու համար 280-380 հազար դրամի եղածն ի՞նչ է որ: Միեւնույն է, Հայաստանում տարածված է վարկով Նոր տարի անելու մշակույթը, մի վարկ էլ կոկորդիլոսի համար կվերցնեն:
Շնորհավոր Նոր տարի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս