57 շիշ կեղծ օղի եվ 50 շիշ կեղծ կոնյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. ապրիլի սկզբներից մինչև հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա. Մանուկյանը պատրաստել է 5 տեսակի 57 շիշ կեղծ օղի և դրանք իրացրել Երևանի Սեբաստիա փողոցում գործող առևտրի կետերից մեկում, այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից: Դեպքի առնչությամբ քրեական գործը է հարուցված Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում՝ ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու համար։Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Մանուկյանը 2011թ. ապրիլի սկզբներին գնել է օղու սպիրտ, դրան ավելացրել ջուր և ստացել շշալցման ենթակա օղի: Այնուհետև շշերի ընդունման կետից գնել է օղու շշերի խցաններ, ապա տաքացնելով իր կողմից հավաքված շշերի և գնված խցանների վրա փակցված ակցիզային դրոշմները` պոկել է դրանք և փակցրել իր կողմից պատրաստված և տնայնագործական եղանակով փակված կեղծ օղու շշերի վրա:Իրացման համար կեղծված օղին Ա. Մանուկյանը հանձնել է Կ. Խաչկալյանին, ով աշխատել է Երևանի Սեբաստիա փողոցում գործող մի առևտրի կետում:Նաև նախաքննությամբ պարզվել է, որ “Հրազդան” ՔԿՀ-ի դատապարտյալ Գ. Վարդանյանը, 2011թ. հուլիսին տեղեկանալով, որ Ա. Մանուկյանը զբաղվում է կեղծ օղու պատրաստմամբ և իրացմամբ, վերջինիս պատվիրել է մեկ շիշը 1000 դրամով պատրաստել 2 տեսակի 50 շիշ կեղծ կոնյակ: Ա. Մանուկյանը, ձեռք բերելով անհրաժեշտ պարագաները, պատրաստել է կեղծ կոնյակի պատվիրված խմբաքանակը և փոխանցել Գ. Վարդանյանի կողմից մատնանշած անձանց:Ա. Մանուկյանին և Կ. Խաչկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:




Լրահոս