ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրի՝ Դսեղի բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում: Բանն այն է, որ վերջին երեք ամսում համայնքի խոզերն անհասկանալի հիվանդությունից անկում են: Մինչդեռ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վստահեցնում են, որ անկել է ընդամենը 4 գոճի եղանակային կամ սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով: «Երեկ (նախօրեին-խմբ.) մի գոճի եւ մի մայր խոզ էլ անկեց: Ճիշտն ասած` խոզ չի մնացել գյուղում: Հազիվ մի 40-50 հատ կլինի: Տարեսկզբին Դսեղում խոզի գլխաքանակն ավելի քան 800 էր: Այս ընթացքում որոշ մասն իրացվել է, իսկ ավելի քան 160-ը՝ անկել: Ի՞նչ անեն խեղճ գյուղացիները, բոլորը վարկերի տակ ճկռում են: Նրանց միակ հույսն այն էր, որ տարեվերջին կարողանան այդ մսամթերքը վաճառել, վարկերը մարել»,-ցավով նկատեց Դսեղի համայնքապետ Նորիկ Քոչարյանը: Սակայն այս ամենից հետո էլ դսեղցիները լավատես են. «Ասում են` ոչինչ, սա էլ կանցնի, կապրենք: Այսպիսի խոսքերով են մեկը մյուսին հուսադրում: Գյուղացին գյուղացի է, միշտ էլ առաջին հերթին իր հույսը դնում է իր ձեռքի կոշտուկներին: Բայց հիմա, ինչպես մեր Թումանյանն է ասում՝ մեր ապրուստն ի՞նչ է, մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա` երկնքից կախված»:
ՏԵՂԱԴՐԵԼ ԵՆ
Այսօր ՀՀ-ում չկա գազալցակայան, որն աշխատում է առանց բաշխիչ աշտարակների: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Ըստ նրա` այս պահին կա աշտարակները չտեղադրած երկու գազալցակայան, որոնց գործունեությունը կասեցված է: «Այս երկու գազալցակայաններն էլ առաջիկայում տեղադրելու են: Այսինքն` տարեվերջին մեր հանրապետությունում առանց բաշխիչ աշտարակի գազալցակայան չի լինելու»,-հավաստեց Խալիկյանը: Տեղեկացնենք, որ գազաբաշխիչ աշտարակներ արտադրվում են նաեւ Հայաստանի երեք ընկերությունում: Տեսչության պետի խոսքով` հայկական արտադրության գազաբաշխիչ աշտարակներից օգտվելը խրախուսելի է, քանի որ տեղադրումից հետո հետագա խնդիրների համար նույնպես ընկերությունը կարող է պատասխանատու լինել:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ