2013թ. «Ժողովուրդ»-ի խմբագրություն խնդրահարույց զանգերից բացի` եղել են նաեւ զավեշտալի այցելություններ, զանգեր:
Օրինակ՝ ամռան մի շոգ օր «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի եւ խնդրեց, որ իր խոսքը տպագրվի թերթում: Հետաքրքրվեցինք, թե պապիկն ինչ խնդիրներ ունի, բայց նա սկսեց հիշել Գաբրիել Սունդուկյանի հերոսի` Պեպոյի հանրահայտ խոսքերը: Պատմեց, պատմեց, վերջում, շնորհակալություն հայտնելուց բացի, անկեղծացավ` ասելով. «Կարեւորը, աղջի՛կ ջան, ինձ լսեցիք, իսկ ես էլ, ինչ կար իմ մեջ, թափեցի»:
Մի օր էլ մի կին այցելեց «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ բարձրաձայն հայտարարեց, որ ինքը Երկիր մոլորակի առաջին մարդն է: Նա ցանկանում էր զրուցել լրագրողներից որեւէ մեկի հետ, որը կհասկանար իրեն: Սակայն երբ նրան մոտեցավ լրագրող Սոնա Գրիգորյանը, նա ասաց. «Դու ջահել ես, մեկ այլ լրագրողի հետ եմ ուզում խոսել»: Այնուհետեւ նրան մոտեցավ օրաթերթի 8-րդ էջի պատասխանատու Նատալյա Պողոսյանը, բայց քաղաքացին նրա հետ նույնպես հրաժարվեց խոսել, ապա մատնացույց արեց լրագրող Արման Գալոյանին: Ի վերջո, նա զրուցեց ամենատարեց լրագրող Ռուսլան Թաթոյանի հետ, որից հետո հանգիստ գնաց տուն:
Շաբաթներ անց «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելեց մի տղամարդ, ձեռքին՝ թղթի կտոր: Երբ բարեւելուց հետո բարձրաձայն հարցրեց, թե ով է Արման Գալոյանը, վերջինս կանգնեց: Քաղաքացին ասաց՝ լավ: Հետո հարցրեց, թե ով է Քնար Մանուկյանը: Վերջինս նույնպես տեղից վեր կացավ: Պարզվեց, որ «ներկա-բացակա» անող քաղաքացին այս կերպ ծանոթանում էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների հետ:
Մի զավեշտալի զանգ էլ վերջերս ստացանք, երբ քաղաքացին հեռախոսով պահանջում էր «տպել լոտոյի թվերը»: Պարզվեց, որ նա ցանկանում էր իմանալ ՀԴՄ «Շահող կտրոն»-ի թվերը: Իսկ նախօրեին էլ մի քաղաքացի զանգահարեց խմբագրություն եւ խնդրեց թերթում տպել իրեն հուզող հարցի պատասխանը: Հարցը հետեւյալն էր. «Ինչո՞ւ է ծիածանը յոթ գույնից բաղկացած»:
Մեզ մնում է միայն հուսալ, որ նման զավեշտալի եւ ուրախ այցելություններն ու զանգերն ավելի շատ լինեն 2014-ին, քանի որ առանց այդ էլ օրվա մեծ մասը լարված պայմաններում ենք աշխատում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ