2013-Ը ԴԱՐՁԱՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԽՈՒՐ ՀՈՒՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական պատմության մեջ 2013թ. դարձավ ուղենշային: Հենց այս տարի տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք խոստանում են մեծանշանակ լինել մեր երկրի համար: 2014թ. ընդառաջ՝ փորձենք տարվա կտրվածքով վերլուծել դրանք՝ գնահատելով իրավիճակն ու դրա հնարավոր ազդեցությունը պետության վրա:

«Նորմալ», խայտառակ
ընտրություններ
2013թ. առաջին կարեւոր քաղաքական իրադարձությունը ՀՀ նախագահի ընտրությունն էր, որը կեղծված համարելով՝ ժողովուրդը փողոց դուրս եկավ, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ հստակ քաղաքական տեքստով հանդես չեկավ: Նրա նույնաբովանդակ ու անորոշ ձեւակերպումներն ի վերջո հանգեցրին հրապարակի դատարկմանը: Ի դեպ, Հովհաննիսյանը նաեւ փաստացի արհամարհեց Հայաստանի ինքնիշխանությունը՝ խոստանալով հաղթանակը բերել Պուտինից: Չխորանալով մանրամասների մեջ՝ մի քանի արձանագրում կատարենք. 1. բողոքը մարվեց անլուրջ գործողություններով, եւ պայքարի հանդեպ ստեղծվեց համընդհանուր անվստահություն, 2. ընդդիմությունը վերածվեց մի տձեւ ու անկազմակերպ կառույցի, որի ղեկավարը չունի պայքարի ծրագիր ու տեսլական, 3. հասարակությունը տեսավ, որ ոչ միայն իշխանությունն է իր դեմ խաղում, այլեւ ընդդիմությունը, 4. վերացավ իշխանությանը զսպող մեխանիզմը՝ հանձին ուժեղ ընդդիմության. վերջինս դադարեց գործոն լինելուց, իսկ վերոհիշյալ անլրջությունները խեղեցին հրապարակի ինստիտուտը:

Ուղղությունը՝
Մաքսային միություն
Սերժ Սարգսյանը, փոխելով երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը, աշնանը հրապարակեց իր՝ հայ ժողովրդի վզին պարտադրաբար փաթաթված ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը (ՄՄ): Այդ քայլի հիմնական կռվանն այն է, թե իբր Ռուսաստանը երաշխավորում է մեր անվտանգությունը: Սակայն հարց է ծագում. եթե այդ մտավախությունից ելնելով՝ այսօր հրաժարվում ենք եվրոասոցացումից, մի՞թե հնարավոր չէ, որ վաղը, օրինակ, հրաժարվենք ազատագրված 1-2 շրջանից կամ հենց ԼՂ-ից՝ նույն պատճառաբանությամբ: Արդ, մի՞թե պալատական մեկնաբաններն այդժամ չեն կրկնելու անվտանգության մասին դատարկախոսությունը: Ի գիտություն՝ դեռ հարյուրամյակներ առաջ ԱՄՆ հիմնադիր հայրերից Բենջամին Ֆրանկլինն է ասել. «Ով հանուն անվտանգության զիջում է ազատությունը, չի արժանանում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին»: Ի դեպ, ՄՄ-ին միանալու ծիրում է պետք ընկալել նաեւ պալատական «իդեոլոգ» Զորի Բալայանի լալահառաչ նամակը ցարին: Աստծուն ղարաբաղցի հռչակած Բալայանը, Գյուլիստանի պայմանագրի փոխարեն, թող բարի լիներ ուսումնասիրել 1921թ. հուլիսի 5-ին Ադրբեջանի գավառական այս կուսխաժամուժի հոգեհայր Ստալինի որոշումը, որով ԼՂ-ն հանձնվեց Ադրբեջանին: Մի՞թե Բալայանը երաշխավորում է, որ Ռուսաստանը կրկին չի զոհի հայոց շահը՝ հանուն սեփականի: Այդժամ եւս ռուս ավագ (թե ինչու ավագ, անհասկանալի է. մեր պետականության պատմությունը սկսում ենք Ք. ա. 3-րդ հազարամյակից, մինչդեռ ռուսներինը՝ Ք. հ. 9-րդ դ.) եղբոր հանդեպ չպատճառաբանված սիրով արբեցած հայերին կմխիթարեն պանիսլամիզմի դեմ համատեղ պայքարի պոռոտախոսությամբ. հետո ի՞նչ, որ այսօր ո՛չ պանիսլամիզմն է արդիական, ո՛չ էլ 19-րդ դարում մնացած ռուսական «հայապահպան փրկարարությունը»:

 

Վիլնյուսյան գագաթնաժողովը
Անշուշտ, «ազգային ղալմաղալի» ներքո պետք է անցներ նաեւ Վիլնյուսի գագաթնաժողովը: Իշխանությունը փաստացիորեն փորձեց պարիտետը պահպանել եւ ստեղծել այնպիսի տպավորություն, թե հարաբերություններն Արեւմուտքի հետ վերջացած չեն: Չտրվելով իշխանական «թամաշային»՝ նկատենք, որ տեղի ունեցածի շուրջ բավականին անհանգստացնող է ԱՄՆ-ի լռությունը՝ ի հեճուկս Ուկրաինայի դեպքի: Անհնար է չհիշել Վանո Սիրադեղյանի՝ մեկ այլ առիթով գրված տողերը. «Մեզ պիտի անհանգստացնի ոչ թե Հայաստանի հետ կապված Արեւմուտքի ծրագրերի առկայությունը, այլ դրանց բացակայությունը»: Իսկ եվրոպացիների վերաբերմունքը նրանց իսկ կողմից «անվստահելի գործընկեր» որակված իշխանությունների հանդեպ մի քանի մեղմ դիտարկումներից այն կողմ չանցավ, ինչն այնքան էլ բնական չէր: Այս գագաթնաժողովը, այսպիսով, Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունեցավ՝ բացի իշխանություններին՝ եվրոպացի պաշտոնյաների հետ լուսանկարվելու հնարավորություն ընձեռելուց:

 

Պուտինի այցը
Դեկտեմբերին տեղի ունեցավ ՌԴ նախագահի այցը Հայաստան, որն աչքի ընկավ մի քանի ուշագրավ կողմերով. 1) պետական այցի շրջանակում նախագահը չիջեւանեց երկրի մայրաքաղաքում, 2) այցը նույնիսկ մեկ օր չտեւեց, 3) Պուտինի առաջին գործողությունը եղավ սեփական ռազմաբազա այցելելը: Ի դեպ, Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը Կովկասից չի հեռանալու: Անշուշտ, իր պետության քաղաքական դոկտրինը հրապարակելը Պուտինի գործն է, բայց դա հայտարարել պետական այցի ժամանակ, այն էլ երկրում, որտեղից «սպառնում» ես չհեռանալ, մեղմ ասած, դիվանագիտական էթիկետը պահպանելու մասին չի խոսում: Արդ, այս իշխանությունների իրականացրած քաղաքականության արդյունքը եղավ Հայաստանը Ռուսաստանին նվիրելը եւ դրա միջոցով Ղարաբաղի առկախ վիճակը պահպանելը: Այս իրավիճակը համաշխարհային քաղաքականության մեջ բնորոշվում է որպես քաղաքական անմեղսունակություն: Նման պարագայում Պուտինից պահանջել, որ հարգի Հայաստան պետությունը, քաղաքականապես ազնիվ չէ: Բայց հոգ չէ, «ազգային ղալմաղալի» դհոլները պետք է հաճույք ստանան Պուտինի արհամարհանքից եւ հիանան Հայաստանը ՄՄ-ին կցելու Պուտինի քայլով:
Ամփոփելով տարվա կարեւորագույն իրադարձությունները՝ փաստենք, որ նախագահական ընտրությունների տրամաբանական հանգրվանը պետք է լինեին ՄՄ-ին միանալը, վիլնյուսյան անհաջողությունը եւ պուտինյան ռազմերթը: Իշխանության ապապետական քաղաքականությունը 2013թ. բավականին վտանգավոր իրադրության հիմքեր դրեց: Հարկ է նկատել, որ ընդդիմության պարտությունը եւ հասարակական հիասթափության բարձր մակարդակը նվազ չափով չնպաստեցին ստեղծված իրավիճակին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս