Ամանորին միայն հյուրասիրությունը չէ, որ հարվածում է մեր գրպաններին: Վերջին տարիներին հայ ընտանիքներն են մուտք գործել Նոր տարին նշելու մի շարք նոր, այդ թվում` հատուկ այդ գործով զբաղվող գործակալություններից Ձմեռ պապիկներ եւ Ձյունանուշներ պատվիրելու գեղեցիկ, բայց, պարզվում է, բավականին ծախսատար սովորույթը:
Հայաստանում Ձմեռ պապի եւ Ձյունանուշի բնակարանային այցելություններ են առաջարկում ինչպես տարբեր կազմակերպություններ, այնպես էլ անհատներ:
Իսկ թե ովքեր են հանդես գալիս Ձմեռ պապերի եւ Ձյունանուշների դերում, նման ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեզ հավաստիացրին, որ իրենց մոտ միայն պրոֆեսիոնալ դերասաններ են, Թատերական ինստիտուտի ուսանողներ, իսկ փողոցից պատահական ընտրված մարդիկ տվյալ «պաշտոններում» չեն աշխատում:
Իհարկե, մենք չենք ուզում չհավատալ կազմակերպություններին, բայց արդեն փողոցներում կարելի է զանազան հայտարարություններ տեսնել այն մասին, որ պահանջվում են 18-35 տարեկան կանայք եւ 22-40 տարեկան տղամարդիկ` ամանորյա տոներին Ձմեռ պապ եւ Ձյունանուշ աշխատելու համար, դերասանական վարպետությունը ցանկալի է:
Զանգահարելով տարբեր կազմակերպություններ` պարզեցինք, որ ծառայության գները տատանվում են 20-ից 100 հազար դրամի սահմաններում` կախված նրանից, թե որ օրը, որ ժամին եւ քանի րոպեով Ձմեռ պապն ու Ձյունանուշը կայցելեն:
Այսպես` «Բումբումիկ» ընկերությունն առաջարկում է Ձմեռ պապի այցելություն 30 րոպեով` 15 հազար դրամի դիմաց, Ձյունանուշի հետ միասին` 20 հազար դրամ, իսկ Ամանորի գիշերը` 50 հազար դրամ: «Շոկոլադ» սերվիսում 20 րոպե տեւողությամբ շոուն միայն Ձմեռ պապի մասնակցությամբ դեկտեմբերի 31-ին` ժամը 12-ին, արժե 45 հազար դրամ, Ձյունանուշի հետ միասին` 50 հազար դրամ, իսկ հունվարի 2-ից հետո` 20 հազար դրամ:
Գնային ճկուն առաջարկներով է հանդես գալիս «Հեփի դեյ»-ը` դեկտեմբերի 31-ին` ժամը 12:00-ին, առաջարկելով Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայություններ 100 հազար դրամով, մինչեւ ժամը 11-ը եւ հունվարի 1-ին` 50 հազար դրամով, իսկ հունվարի 2-ից հետո` 25 հազար դրամով:
«Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում դեկտեմբերի 31-ին Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցելությունը բնակարաններ մինչեւ ժամը 11-ն արժե 30 հազար դրամ, 12:00-ին` 50 հազար դրամ, իսկ մնացած օրերին` 20 հազար դրամ: Շոուն տեւում է 15-20 րոպե:
Ի դեպ, նշվածներից ոչ մեկը չի առաջարկում միայն Ձյունանուշի ծառայություններ: Ինչո՞ւ? Ոմանք այս հարցին պատասխանում են` «դա վտանգավոր է, որովհետեւ որոշ դեպքերում մարդիկ հարբած են լինում», մյուսները նշում են, որ միայն Ձյունանուշի ծառայություններ պատվիրելը միշտ էլ կասկածելի է, ուստի առանց Ձմեռ պապի Ձյունանուշ չեն ուղարկում?
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ