«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի 1 ՏԱՐՎԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն անցած ողջ տարվա ընթացքում շարունակել է ժողովրդի խոսափողը լինելու, ՀՀ շարքային քաղաքացիների բարձրացրած խնդրիներին հետամուտ լինելու եւ նրանց իրավունքների վերականգնմանն ուղղված ջանքերի գործադրման` առաջին իսկ օրվանից որդեգրած գործելաոճը:

Ստորեւ ներկայացնում ենք 2013 թվականի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված մի քանի հոդվածներ (դրանք բոլորը ներկայացնել հնարավոր չէ), որոնց հրապարակումից հետո քաղաքացիների բարձրացրած խնդիրները որոշակի լուծում են ստացել:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել մի թոշակառու տատիկ՝ Լարիսա Խաչատրյանը, ում թոռնիկները սովորում էին ԵՊՀ-ում: Նա դիմել էր մեզ ուսանողների վարձավճարի զեղչի ակնկալիքով: Խմբագրությունը դիմեց ԿԳՆ, որտեղից տեղեկացրին, որ նրանք կարող են ուսման վարձը վճարել 20% զեղչով:
Մեզ էր դիմել պարուսույց Նունե Մկրտչյանը` բողոքելով, որ արդեն 4 տարի է` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանն իրեն խաբում է ու չի վերադարձնում 9000 ԱՄՆ դոլարի պարտքը: Դա դեռ քիչ է, նա մի խումբ քաղաքացիներից գումարներ է վերցրել եւ չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբել: Ն. Մկրտչյանն էլ, այլ ելք չունենալով, դիմել էր ոստիկանություն: Մեր հրապարակումից հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը միջնորդեց քննել դատավոր Աիդա Հովհաննիսյանի վարքը, որից հետո դադարեցվեցին նրա լիազորությունները:
«Ժողովուրդ»-ին դիմել էին մի քանի ծնողներ` իրենց վրդովմունքը հայտնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գյուլբեկյանի անվան թիվ 190 դպրոցում տիրող իրավիճակից: Նրանք պատմում էին, որ դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը տարվա մեջ երեք օր դրամահավաք է կազմակերպում՝ 3000-ական դրամ: Թեեւ «Ժողովուրդ»-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում տնօրենը հերքել էր տեղեկությունը, սակայն նյութի հրապարակման հաջորդ օրն իսկ մեծ աղմուկ էր բարձրացել դպրոցում, որից հետո ծնողներին կանչել էին եւ հավաքած 3000 դրամները հետ բաժանել:
Մեզ էր դիմել ԼՂՀ զորամասերից մեկում ինքնասպան եղած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, եւ հավաստիացնում էր, որ իր որդու ծառայած զորամասում եւս մեկ զինվոր է ինքնասպան եղել: Զինվորի հայրն ամեն կերպ ցանկանում էր հանդիպել ՊՆ Սեյրան Օհանյանի հետ եւ ստանալ իր հարցերի պատասխանը: «Ժողովուրդ»-ի միջամտությամբ նախարարի հետ վերջինիս հանդիպումը կայացավ:
51-ամյա Ռուզաննա Բունիաթյանըի 5-ամյա Հակոբը, առողջական խնդիրներ ուներ, եւ անհրաժեշտ էր պլանային կարգով սրտի էխո կատարել, ինչի համար, սակայն, ընտանիքն անհրաժեշտ գումար չուներ: «Ժողովուրդ»-ն անդրադարձավ այս թեմային, որից հետո առողջապահության նախարարությունն արձագանքեց քաղաքացու խնդրին: ԱՆ-ից տրամադրեցին ուղեգիր, որպեսզի փոքրիկը կարողանա հանձնել անհրաժեշտ հետազոտությունները:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը «Արջի թաթ» ռեստորանում խորոված էր կերել մի քանի գործընկերների հետ եւ հրաժարվել վճարել 8000 դրամ՝ պատճառաբանելով, որ միսը հում է եղել: «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո Կ. Բաբակեխյանը վճարել էր ռեստորանին պարտք մնացած գումարը:
Անդրադարձել էինք նաեւ «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Ներսիկ Եղիազարյանի խնդրին. նա մտադիր է ինքնահրկիզվել, քանի որ իր` 10 տարի շարունակ մշակած հողը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաճառել էր, կիսակառույց տունն էլ՝ քանդել: Հրապարակումից Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանն ազատամարտիկին հողատարածք է տրամադրել եւ գումար:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս