ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԻՇ Է, ՈՒՐԻՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցնող տարին մշակութային առումով այնքան էլ հետաքրքիր չէր։ Անցկացվեց հերթական՝ արդեն 10-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ոմանք մրցանակներ ստացան, ոմանք՝ ոչ։ Տեղի ունեցան նաեւ այլ տեղական ու միջազգային թատերական փառատոներ, զանազան միջոցառումներ, որոնց մեծ մասի նպատակը, այսպես ասած, «պտիչկա» դնելն էր։ Հետաքրքիր կարելի է համարել հայկական ջազի 75-ամյակին նվիրված համերգները։ Եղան նաեւ մի քանի ստեղծագործական միությունների թեժ ու ոչ այնքան թեժ համագումարներ…

2013-ը ծանր տարի էր մշակութային գործիչների կորստյան առումով՝ Սոս Սարգսյան, Ազատ Գասպարյան, Մարկ Սաղաթելյան…
2012-ի տարեվերջին Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, եւ արդեն այս տարեվերջին՝ դեկտեմբերի 24-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՀՀ մշակույթի նախարարը ոսկե մեդալ հանձնեց Շիրակի մարզպետին ու քաղաքապետին, ապա Շիրակի մարզպետը «Շիրակի մարզպետարանի հուշամեդալ» հանձնեց մշակույթի նախարարին ու Գյումրու քաղաքապետին, վերջինս էլ Գյումրու «կլկլան բաժակ» նվիրեց նախարարին: Պարգեւատրվեցին նաեւ Գյումրու փոխքաղաքապետը, քաղաքապետի խորհրդականները, որոշ բաժնի պետեր: Զավեշտը հասավ այնտեղ, որ Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետերից մեկը, իր անուն-ազգանունն ընթերցելով, ինքն իրեն պարգեւատրեց։ Բացի այդ` պարգեւատրվեցին անգամ քաղաքապետարանի քարտուղարուհիներն ու պահակները, ինչպես նաեւ աղբատար մեքենաների վարորդներն ու քաղաքի հավաքարարները։
Տարվա մեկ այլ, արդեն իսկապես կարեւոր իրադարձություն կրկին կապվում է Գյումրու հետ. բանն այն է, որ եկող տարի, հավանաբար, մշակույթի նախարարությունը կտեղափոխվի Գյումրի։ Եվ եթե մայրաքաղաքում գործող նախարարությունից չկարողացանք առ այսօր իմանալ պետբյուջեից ֆինանսավորվելիք Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կինոնկարի անունը, ապա դժվար թե մինչեւ 2015 թվականն արդեն Գյումրուց ստանանք մեր հարցի պատասխանը։ Իհարկե, մենք լավ ենք հասկանում, որ նման տեխնիկական հնարավորությունների պայմաններում նույնիսկ մի քանի վայրկյանում կարելի է ստանալ ցանկացած պատասխան աշխարհի ցանկացած երկրից, բայց դե մեր մշակույթի նախարարությունն ուրիշ է, ուրիշ…

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս