Այս տարի Հայաստանում նշվեց հայկական ջազի 75-ամյակը, անցկացվեցին ջազին նվիրված միջոցառումներ, համերգներ, որոնց մասնակցեց նաեւ Հայաստանի հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ջազ-բենդը։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանին խնդրեցինք ամփոփել ստեղծագործական տարին։
-Իրականացվեց մեծ ջազային ծրագիր, որը շատ ջերմ ընդունվեց ե՛ւ ունկնդիրների, ե՛ւ արտասահմանյան երաժիշտների կողմից, ովքեր ելույթ ունեցան մեզ հետ միասին՝ Մակեդոնիայից «Դավիդյան եղբայրներ» ջազ-բենդը եւ այլ խմբեր։ Բացի այդ` հնարավորություն ունեցանք Մարտին Վարդազարյանի եւ իմ ստեղծագործական երեկոն անցկացնել «Մեցցո» ակումբում, ներկայացրինք մեր ե՛ւ կինո երաժշտությունը, ե՛ւ երգերը, ե՛ւ գործիքային, ինչպես նաեւ ուրիշ ժանրի ստեղծագործությունները։ Ես, օրինակ, ներկայացրի իմ գրած ռոմանսը՝ թավջութակի եւ ձայնի համար։ Ընդհանրապես մեզ շատ օգնեց «Մեցցո» ակումբը, որը նաեւ ջազի շաբաթ անցկացրեց։
-Իսկ ի՞նչ չհասցրիք անել։
-Ես, ճիշտն ասած, շատ էի ուզում գնալ Գյումրի, որտեղ պիտի հանդես գայինք երկու համերգով, որոնցից մեկում հնչելու էին ջազային ստեղծագործություններ, մյուսում՝ հայկական էստրադայի լավագույն նմուշներից։ Գյումրին պատահական չէինք ընտրել. արդեն քանի տարի այնտեղ չենք եղել, բայց լավ գիտենք, որ այնտեղի հանդիսատեսը մեզ շատ է սիրում։ Մեր նվագախմբի նվաճումներից եմ համարում նաեւ այն, որ բավականին երիտասարդ երգիչ-երգչուհիներ ունենք, ովքեր գալիս են կոնսերվատորիայից։ Քանի որ ես կոնսերվատորիայի էստրադայի եւ ջազային երաժշտության ամբիոնի վարիչն եմ, նրանց բոլորին լավ գիտեմ, եւ լավագույնները էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ կենդանի ելույթներ ունենալու հնարավորություն ունեն։ Ուզում եմ անպայման համերգ կազմակերպել, որպեսզի այդ երիտասարդությանը ցույց տամ նաեւ Գյումրիի հանդիսատեսին։ Հեռուստատեսությունը չի հասցնում կամ չի կարողանում նրանց ցուցադրել, նրանք մնում են չճանաչված, ցանկանում եմ, որ գոնե մեր միջոցով այդ տաղանդավոր երիտասարդները ճանաչվեն։ Չեմ հասցրել ավարտել նաեւ սիմֆոնիկ նվագախմբի համար գրվող իմ նոր ստեղծագործությունը, որը սկսել էի, բայց հույս ունեմ, որ 2014-ին ավարտին կհասցնեմ։ Կան նաեւ ուրիշ բաներ, որոնք չենք հասցրել անել, որովհետեւ տարին տնտեսական եւ այլ առումներով բարդ տարի էր։
-Սովորաբար ինչպե՞ս եք նշում Ամանորը։
-Ես Ամանորը միշտ նշում եմ նույն ձեւով, այսինքն՝ տանը, ընտանիքիս հետ: Շատ հազվադեպ է եղել, երբ ես այլ կերպ եմ նշել։ Դա այդպես է, որովհետեւ Ամանորն ընտանեկան տոն է։ Այս տարի էլ նույնը կլինի, հետո կգան ընկերներս, մենք կգնանք մի քանիսի տուն…
-Իսկ Ձեր դուստրը գալի՞ս է։
-Դուստրս բնակվում է ԱՄՆ-ում։ Մի թոռնիկ էլ ունեմ՝ 22 տարեկան, անցյալ տարի ավարտեց մեր կոնսերվատորիան, ԱՄՆ-ում հիմա նվագում է, շատ լավ է ընդունվում։ Դե, տեխնիկան զարգացել է, սկայպը միացնում ենք, միմյանց շնորհավորում, բաժակ բարձրացնում…
-Սիրո՞ւմ եք ամանորյա ճոխ սեղան գցել։
-Մեր սեղանին արտառոց ոչինչ չի լինում, լինում է այն, ինչ կա մեծամասնության սեղանին, երեւի նույնիսկ մի քիչ պակաս։ Ամենակարեւորը, կա չարազ, քաղցրեղեն եւ մնացած խորտիկները։ Բայց սեղանի պարունակությունը չէ կարեւորը, այլ այն, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում տանը, սեղանի շուրջ։ Հիմա ուտելով, սեղանով ով է ում զարմացնում։
-Կոկորդիլոսով են ուզում զարմացնել։
-Մեզ մոտ բավականին շատ մարդիկ կան, ովքեր ունեն շատ փող, հարուստ են, բայց ինքնահաստատվելու միջոցներ չեն կարողանում գտնել։ Այդ գումարներն իրենց քիչ են ինքնահաստատման համար, եւ դա մի միջոց է, որ պարծենա՝ ինքը կոկորդիլոս ունի, մյուսը չունի։
-Ի՞նչ կմաղթեք ժողովրդին։
-Ես կմաղթեմ, որ մեր հարաբերությունների մեջ 2014-ին դոմինանտ լինեն սերը, բարությունը, հարգանքը։ Եվ իր արժանի տեղն ունենա լավ երաժշտությունը։ Մենք խորը արմատներ ունեցող ազգ ենք եւ պարտավոր ենք բարձր լինել ամեն ինչով, բարձր լինել նաեւ հաճախ մատուցվող ցածրորակ երաժշտությունից։ Բարձր լինենք նաեւ ցածրորակ մարդկային հարաբերություններից։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ