ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ (գլխավոր խմբագիր). Ընդունված է, որ Նոր տարին պետք է դիմավորել լավատեսական տրամադրություններով: Ուստի կցանկանամ՝ բոլոր հոռի երեւույթները թողնենք 2013-ի մեջ եւ նոր, մաքրված ու հաղթական տրամադրություններով մտնենք 2014: Մենք միշտ քննադատել ենք ու քննադատելու ենք գործող իշխանության բուրգի բոլոր ներկայացուցիչներին անխտիր, քանի դեռ մեր նորանկախ երկրում զարգացման տեմպերը շարունակում են այս աստիճան թուլանալ: Բայց թշնամաբար չենք վերաբերվում որեւէ մեկին, այդ թվում մեզանից 7 մլն դրամ պահանջող ՕԵԿ-ին: Ընդհակառակը, առաջնորդվում ենք քրիստոնեաբար, որը քարոզում է սիրել անգամ թշնամուն: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 

 

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ (լրագրող). Որպեսզի 2014 թվականն էլ չհամարենք կորսված տարի, որպեսզի գրանցենք առաջընթաց, պետք է երկրում իշխանափոխություն անել: Արդ` մաղթում եմ` 2014թ. Հայաստանում վերջապես իշխանափոխություն լինի: Եվ ուրեմն` պայքար, պայքար, մինչեւ վերջ: Շնորհավոր Ամանոր:

 

 
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ (լրագրող). Թեպետ Նոր տարին հաճելի է սկսել դրական տրամադրություններով, բայց եւ այնպես, անառարկելի է, որ 2013թ. մեզ համար կորսված տարի էր: Առաջին հերթին նրա համար, որ Հայաստանն արտագաղթի պատճառով կորցրեց բազում քաղաքացիներ: Ի վերջո, մենք վատնեցինք մեզ տրված զարգացման ժամանակը, ինչը կյանքի ներկայիս տեմպի պայմաններում կարեւորագույն բացթողում է: Ուստի գալիք տարում պետք է սկսել հենց այս իրողությունների շտկումից:

 

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (լրագրող). Ցանկանում եմ, որ գալիք տարում գյուղնախարարը Սերժ Սարգսյանի հորդորով հատուկ ուշադրություն դարձնի «խիարների» ճիշտ աճելուն: Իսկ գյուղացիներին մաղթում եմ, որ իրենց կանանց մինչեւ սուրճ խմելը սիրեն ոչ թե 2, այլ 3, նույնիսկ 4 անգամ, քանի որ սիրելը լավ բան է եւ հայեցի է:

 

 

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ (լրագրող). Մաղթում եմ, որ 2014-ը լինի խաղաղ տարի, մարդիկ ապրեն փոքր-ինչ անհոգ, չնայած կյանքի դժվարություններին՝ հաճախ ժպտան, հարգեն միմյանց իրավունքներն ու, ամենակարեւորը, չլքեն մեր երկիրը: Ցանկանում եմ, որ հատկապես տատիկներն ու պապիկները լինեն առողջ եւ պաշտպանված: Երկրում տիրի խաղաղություն, իսկ հայոց բանակում՝ կարգապահություն: Բոլորիս մաղթում եմ ուրախ ու եկամտաբեր տարի:

 

 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (լրագրող). 2013-ին ինձ համար ամենազավեշտալին այն էր, որ խմբագրություն զանգահարած որեւէ քաղաքացի իմ անունը ճիշտ չէր ասում. ոմանց համար ես Նունե էի, ոմանց համար՝ Սույնէ, մյուսի համար էլ՝ Սյունի եւ այլն: Իհարկե, ես դրանից չեմ վիրավորվել եւ այս տարի էլ շարունակելու եմ հետամուտ լինել ընթերցողների բարձրացրած խնդիրների լուծմանը: Թող 2013-ին մեր հայրենակիցները սոցիալական եւ այլ խնդիրներ քիչ ունենան եւ խմբագրություն զանգահարեն միայն բարեմաղթանքների համար:

 

 
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆավուշի մարզի թղթակից). Մարզերում աշխատող լրագրողներիս աշխատավարձը ցածր է, մեզ մնում է միայն հետաքրքիր մարդկանց հետ շփվել եւ «հաճույք ստանալ»: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի վարսավիրանոցում պատին փակցված գնային ցուցանակ կա՝ «խուզել 300 դրամ, լրիվ խուզել 400 դրամ»: «Լրիվ խուզելը» քաչալացնելն է: Ամանորի լուսավոր առիթով բարեմաղթում եմ, որ ժպիտն ու ուրախությունը, խինդն ու ծիծաղն անպակաս լինեն մեր տներից:

 

 

 

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ (լրագրող). Հաղթանակները միշտ էլ օգնում են, որպեսզի մարդն ավելի ամրապնդի իր դիրքերն ու ուժերը: Ուզում եմ, որ 2014թ. բոլորի համար լինի միմիայն հաղթանակների տարի: Հատկապես երկար սպասումից հետո, երբ տոնում ես հաղթանակդ, այն քեզ ավելի հզոր է դարձնում: Ես այս տարի դրանց պակասը չեմ զգացել: Ասեմ ավելին, մարտական տրամադրված՝ գնում եմ դեպի 2014թ.: Գիտեմ՝ մեզ ավելի շատ հաղթանակներ են սպասում:

 

 

ԱՆՈՒՇ  ՇԱԲՈՅԱՆ (լրագրող). 2013-ը նախորդ տարիների նման զերծ չմնաց տհաճ ու դատապարտելի միջադեպերից, սոցիալական դժվարություններն ու անարդարությունը շարունակեցին հետապնդել հայ հասարակությանը: Սակայն տարին նշանավորում եմ նրանով, որ մեր ժողովուրդն ապրեց խաղաղության մեջ: Ուզում եմ, որ 2014թ. եւս լինի խաղաղության ու կայունության տարի: Շնորհավորում եմ բոլոր հայրենակիցներիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում առողջություն, լավատեսություն, սեր եւ ավելի շատ բարություն, իսկ հայրենիքիս ցանկանում եմ իսկական ազատություն եւ անկախություն:

 

 

 

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ (լրագրող). 2013թ. ոչ աշխատանքային օր՝ առավոտյան ժամը 8:00-ին, զանգահարեց մի կին եւ խնդրեց օգնել իրեն. «Ամուսինս դավաճանում է ինձ, գիշերը տուն չի եկել: Հիմա ես գնալու եմ, սիրուհուն մի լավ ծեծ տամ: Ուզում եմ՝ գաք հետս, որ ինձ չծեծեն»: Երբ զգաց իմ ապշած արձագանքը, ասաց, թե ինքը կգնա, մի լավ կծեծի երկուսին էլ ու կզանգահարի ինձ: Հաջորդ օրը զանգահարեց եւ ասաց, որ երկուսին էլ ծեծել է, իսկ ամուսինն արդեն խնդրում է ներել իրեն: Ցանկանում եմ, որ գալիք 2014թ. բոլոր ընտանիքներում խաղաղություն լինի, լինենք ներողամիտ ու, ամենակարեւորը, հարգենք միմյանց, քանի որ ընտանիքը հզոր պետության հիմքն է: Իսկ իմ ամենաթանկ ու նվիրական երազանքն այն է, որ հայրենիքիս սահմաններում խաղաղություն լինի, եւ մեր զինվորներն անփորձանք լինեն:

 

 

 

ԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ (սրբագրիչ). Աշխարհի բոլոր ծագերում գտնվող մարդի՛կ, թող 2014-ը ձեզ համար լինի երգի ու բերքի տարի: Սիրելի՛ հայրենակիցներ, թող ժպիտն անպակաս լինի ձեր դեմքից, ու համերաշխությունը թեւածի ձեր ընտանիքներում, ոչ մի հիվանդ ու քաղցած մանուկ, միայնակ ու անօգնական ծերունի չլինի: Ապրենք՝ բարձր պահելով մեր ազգային արժեքները ու վառ՝ հավատն առ Աստված: Իսկ ինձ մաղթում եմ, որ եկող տարի երազիս մեջ թերթը չսրբագրեմ:

 

 

 

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ (լրագրող). Շնորհավորում եմ բոլոր ոչ պալատական մշակութային գործիչների, պարզապես մշակույթին մոտ կանգնած մարդկանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթում ստեղծագործական բարեբեր տարի։

 

 

 

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ (Լոռու մարզի թղթակից). Ամանորը հրաշալի կերպով իրար է կապում անցյալը, ներկան ու ապագան, պայծառ երազանքներն ու նոր նպատակները, անզուսպ ուրախությունն ու հանդարտ տխրությունը, անցնող ժամանակի ափսոսանքն ու ձգտումը դեպի ապագա: Գալիք տարվա սպասումները թող լինեն միմիայն հերթական հրաշքի, լուսավոր հեքիաթի, նոր երջանկության տեսքով:




Լրահոս