Վերջին օրերին մամուլը եւ քաղաքական շրջանակներն ակտիվորեն քննարկում են, թե որն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը, ապա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները մեկեն որոշեցին մտահոգվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու շուրջ:
Այն, որ մտահոգվելու առիթ, եւ, ըստ ամենայնի` աննախադեպ լուրջ առիթ կա, կարծես թե արդեն քչերի մոտ է կասկածի տեղ թողնում: Սակայն ստեղծված իրավիճակում, թերեւս, անիմաստ են Սերժ Սարգսյանին եւ նրա թիմին ուղղված կշտամբանքները, թե ինչու նրանք ժամանակին եւ համարժեք չեն արձագանքել զենքի վաճառքի ռուս-ադրբեջանական միլիարդանոց գործարքներին: Իհարկե, ամենեւին ոչ այն պատճառով, որ այդ կշտամբանքներն արդարացի չեն, պարզապես առկա քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ պահանջվում է նախկին սխալների վերլուծությունից շատ արագ անցում կատարել ներկա իրավիճակի սթափ գնահատականներին եւ առաջիկա քայլերի հաշվարկմանը: Քանզի արդեն իսկ պարզ է, որ Սերժ Սարգսյանի վերջին երկու՝ Հանրային հեռուստաընկերությանը եւ արգենտինական պարբերականին տված հարցազրույցների արանքում տեղի է ունեցել ինչ-որ շատ կարեւոր եւ բեկումնային փոփոխություն:
Թե կոնկրետ ինչպիսի` կարելի է միայն ենթադրել` նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հուլիսի 3-ին նախանշված Պուտին-Սարգսյան հանդիպումն այդպես էլ չկայացավ: Իսկ դրանից առաջ էլ Սոչիում ԵՏՀ խորհրդի նիստից հետո ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովն առաջ քաշեց Հայաստանի` ԱՀԿ անդամ երկրների հետ փոխհատուցումների վերաբերյալ բանակցություններն ավարտելուց հետո միայն ԵՏՄ-ին անդամակցելու նախապայմանը: Եվ եթե այս ամենին գումարենք նաեւ ՀՀ տարածք ներթափանցած ազերի դիվերսանտների իրականացրած սպանությունները, Հայաստանի նկատմամբ կիրառվող քաղաքական, տնտեսական եւ բարոյահոգեբանական ճնշումների պատկերը կամբողջանա:
Եվ այս իրավիճակում` կա՛մ պետք է իշխանափոխություն անել եւ ազատվել Սերժ Սարգսյանից ու նրա թիմից` այդպիսով ժամանակ շահելով եւ մեր երկրի գլխին ճոճվող պատերազմի դամոկլյան սուրը առժամանակ իջեցնելով, կա՛մ պետք է փորձել ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելով` համախմբվել եւ փորձել նեցուկ լինել երկրի նախագահին` այդ նույն սրին սրով պատասխանելուն պատրաստվելու համար:
Խնդիրն այն է, սակայն, որ այս աննախադեպ լարված ժամանակահատվածում Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական դաշտը բացարձակապես ամայի է, այս դեպքում` նաեւ ֆիզիկական իմաստով, քանզի բոլորը գնացել են արձակուրդ: Տպավորություն է, որ այսօր Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները նրանց չեն հուզում. կգա սեպտեմբերը, եւ խորհրդարանական Քառյակը կվերադառնա` արձակուրդից հետո թարմ ուժերով ձեռնամուխ լինելու պոստֆակտում ժամավաճառությանը:
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԼՈՒՐՋ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ