Մինչ հայրենի քաղաքական ուժերը զբաղված էին նախընտրական ցուցակների շուրջ «բազարներով», Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել, որով առաջարկել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինել Եվրամիությամբ: Դեռեւս անցած հունիսին` ԼՂ հարցով Կազանի եռակողմ հանդիպման ձախողումից հետո, սրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի արդյունավետության հարցը: Բայց եթե այդ փուլում խոսքը ամբողջովին նոր ձեւաչափի մասին էր, ապա անցած հոկտեմբերին Ն. Սարկոզիի տարածաշրջանային այցից հետո արդեն թուրքաադրբեջանական շրջանակները սկսեցին բարձրաձայնել կոնկրետ Ֆրանսիայի` անկողմնակալության հարցում կասկածներ ունենալու մասին: Ըստ ազերիների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը` ի դեմս ՌԴ եւ Ֆրանսիայի, առավելապես հայամետ դիրքորոշում ունեն, ուստիեւ անհրաժեշտ է ամեն գնով չեզոքացնել այդ երկրներից գոնե մեկին: Եվ քանի որ դա ոչ մի կերպ չէր կարող լինել ՌԴ-ն, թուրքաադրբեջանական լոբբին ու միլիոնները ուղղվեցին համանախագահ երկրների կազմից Ֆրանսիային դուրս թողնելու` որպես առավել իրատեսական տարբերակ այն Եվրամիությամբ փոխարինելու պահանջով: Ադրբեջանի համար, իհարկե, իդեալականը հենց Թուրքիայի ներգրավումն է, ինչը, սակայն, անհնար է: Իսկ Ֆրանսիան ԵՄ-ով փոխարինելու տարբերակը կարող է լուծել միանգամից մի քանի խնդիր. նախ` այդպիսով նոր լիցք կհաղորդվի հակամարտության կարգավորման ընթացքին, քանի որ բոլոր կողմերն էլ իրականում հասկանում են, որ Մինսկի խմբի ներկա ձեւաչափը սպառվել է: Մյուս կողմից, այս փոփոխությունը, լինելով զգալի, միեւնույն ժամանակ արմատական չի լինի. կփոփոխվի եռանախագահներից միայն մեկը, այն էլ` մասնակի, քանի որ Ֆրանսիան, որպես ԵՄ-ում լուրջ դերակատար, կպահպանի իր զգալի ազդեցությունը գործընթացի վրա: Բացի այդ, այդպիսով ԵՄ-ն տարածաշրջանում իր ակտիվությունը եւ Թուրքիայի նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու նոր լծակ կստանա` այդտեղից բխող բոլոր տնտեսական եւ քաղաքական հետեւանքներով: Իսկ որքանով է նման փոփոխությունը բխում մեր շահերից: Այս հարցի պատասխանը, կարծես թե ակնհայտ է. մի բան է գործ ունենալ մեզ բարեկամ երկրի` Ֆրանսիայի հետ, մեկ այլ բան` 27 երկրներից բաղկացած կառույցի հետ, որի յուրաքանչյուր անդամ, բնականաբար, ունի իր սեփական շահերը: Եվ եթե մենք չկարողացանք «հարց լուծել» մեզ բարեկամ Ֆրանսիայում` Ցեղասպանության մասին օրենքի հարցում տանուլ տալով ադրբեջանաթուրքական նավթադոլարներին, ապա ինչպես ենք կարողանալու դիմակայել ԵՄ ճնշումներին: Մեր միակ ապավենն այս դեպքում մնում է ՌԴ-ն, որի հովանավորությունը, սակայն, երբեք միանշանակ չէ: Ինչեւէ, փաստաթուղթը դեռ պետք է քվեարկության դրվի ԵԽ լիագումար նիստում` մեկ ամսից: Իսկ մինչ այդ ՀՀ իշխանություններին այլ բան չի մնում, քան հավատալ, որ այն չի ընդունվի:
ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՉԸՆԴՈՒՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ