ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների վերջին այցերը հոգեբուժական հաստատություններ եւ ՄԻՊ-ի հայտարարությունը, որ այս հաստատություններում հիվանդների խնամքը պատշաճ չի կատարվում, հիվանդասենյակներն ու աշխատասենյակները, խոհանոցն ու լվացքատունը անմխիթար վիճակում են, բուռն քննարկումների տեղիք են տվել:

Նշենք, որ օմբուդսմենի ներկայացուցիչները հոգեբուժարաններում հայտնաբերել էին ժամկետանց դեղորայք, բացակայում էին արդիական հոգեմետ դեղերը: Իսկ «Նորք» հոգեբուժական կլինիկայում դեռեւս ապահովված չէ հիվանդների սննդի պատշաճ որակը: ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները նախօրեին, հոգեբուժական կլինիկայում արձանագրել են, որ առկա չէին ճաշացանկը եւ նախորդ օրվա սննդի նմուշը: Պարզվել է նաեւ, որ «Նորք» հոգեբուժական կլինիկայում կաթնամթերք վերջին անգամ ստացել են անցյալ տարի, սնունդը միատեսակ է: Այնտեղ սանիտարահիգիենիկ պայմանները եւս բավարար չեն եղել:
Հիշեցնենք, որ երբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռեւս մայիսի 18-ին այցելել էր «Ավան» հոգեկան առողջության եւ «Նորք» հոգեբուժական կենտրոններ՝ տեղում հանձնարարել էր արագ լուծումներ տալ բուժաշխատողների եւ բուժվողների մատնանշած խնդիրներին: Սակայն օմբուդսմենը ցավով է արձանագրում, որ նախարարի այցից եւ հանձնարարականներից շուրջ երկու ամիս անց էլ վիճակը գրեթե չի բարելավվել:
Օմբուդսմենի այս հայտարարությանը, սակայն, արձագանքել է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ «Ավան» հոգեկան առողջության եւ «Նորք» հոգեբուժական կենտրոններում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում նախարարը անձնակազմերի հետ քննարկել է առկա բոլոր խնդիրները:
Բացի այդ, ԱՆ-ն խոստովանել է, որ հոգեբուժական հաստատություններում առկա է նաեւ որակյալ կադրերի` հոգեբույժների պակաս: Ավելին՝ նախարարը բժշկական կազմակերպությունների եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել` ֆինանսական միջոցների հայթայթման եւ խնդիրների լուծման ճանապարհներ գտնելու ուղղությամբ:
Երեկ օմբուդսմենի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են հոգեբուժական հաստատություններ: Արդյունքում՝ Սեւանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղ, ինչպես նաեւ կտրված են եղել այլ դեղերի ժամկետների նշման հատվածները: Ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել նաեւ Արմաշի առողջության կենտրոնում:
«Մեզ պատասխանելիս ԱՆ-ն խնդիրներին լուծում չտալը պատճառաբանել էր նախարարի կարճատեւ՝ 2 ամիս պաշտոնավարմամբ: Մինչդեռ երկու ամսում կարելի էր լուծել առնվազն հոգեբուժարաններից ժամկետանց դեղերը վերացնելու հարցը»,- նշված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս