ՐԱՖՖՈՒ ՍԱՄՎԵԼՆ ՈՒ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածությունն է առաջադրել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Նա առաջադրվել է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի դեմ: Նույն ընտրատարածքում է առաջադրվել նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ժամանակին Սամվել Ալեքսանյանը հաճախ էր Ազգային Ժողովի դահլիճում գնում, նստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների շարքում` արժանանալով «Րաֆֆու Սամվել» տիտղոսին:
Երեկ «Ժողովուրդ»-ը զանգահարեց Սամվել Ալեքսանյանին` պարզելու, թե ինչ տրամադրություն ունի եւ ինչպես է ընդունել Նիկոլ Փաշինյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման լուրը` իր սիրելի ընտրատարածքում:
-Պարո՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին: Երկու կարկառուն ընդդիմադիրներ են պայքարելու Ձեր դեմ:
-Շատ լավ, շատ ընտիր ընտրություն կլինի:
-Իրենք հրապարակային քաղաքական գործիչներ են: Ի՞նչ մեթոդներով եք պայքարելու նրանց դեմ:
-Ընտրություն ա, անելու ենք, ի՞նչ մեթոդներ պետք ա անենք: Ամեն ինչ օրինական:
-Մտավախություն չունե՞ք, որ կպարտվեք:
-Չէ՛, էդ ձեւ մտավախություն չունեմ: Սաղ լավ ա:
-Մի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մտերիմ էիք, խորհրդարանում նստում էիք նրանց շարքերում, դրա համար էլ Ձեզ Րաֆֆու Սամվել էին ասում: Նա Ձեզ ասե՞լ էր, որ առաջադրելու է իր թեկնածությունը:
-Չէ՛, ես էսօր եմ իմացել (երեկ-խմբ.):
-Իսկ Րաֆֆու Սամվե՞լը: Ձեզ դուր գալի՞ս է այդ նոր իմիջը:
-Դե թերթերն են գրել, էդ ձեւ բան չկա:
-Իսկ Նիկոլ Փաշինյանի մասո՞վ ինչ կասեք: Նա դաժան քննադատելու է Ձեզ, որ օլիգարխ եք, հարկերը չեք վճարում, ժողովրդին նեղացնում եք: Ինչպե՞ս պետք է ձայներ հավաքեք:
-Ես իմ հարկերն էլ եմ տալիս, ժողովուրդն էլ ինձ սիրում ա: Ի՞նչ խնդիր կա:
-Ձեզ շատ դժվար կլինի ձայներ հավաքել Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությունից հետո: Ընտրակաշառք չե՞ք բաժանելու, որ ձայն ստանաք:
-Ես էլի եմ ասել, նախ` ես փող չունեմ, որ բաժանեմ, երկրորդն էլ` օրենքը թույլ չի տալիս, որ ընտրակաշառք բաժանենք: Ամեն ինչ մաքուր, օրինական պտի լինի:
-Իսկ ո՞ւմ հույսով եք, որ պիտի ընտրվեք: Եթե ամեն ինչ օրինական լինի, կընտրվե՞ք:
-Մեր համայնքի ժողովրդի հույսով եմ: Ես իմ ժողովրդին շատ եմ սիրում եւ մտածում եմ, որ իրանք էլ` ինձ: Մենք լավ ենք ժողովրդի հետ:
-Պարո՛ն Ալեքսանյան, այստեղ խոսակցություններ կան, որ Դուք կրակոցներ եք արձակել «Դոուս» գիշերային ակումբում, որը Ձեզ է պատկանում:
-Ես դիսկատեկ, գիշերային ակումբ, տենց բաներ չունեմ: Ոչ էլ գնում եմ: Էս 30 տարի ա` ես դիսկատեկայի տեղն էլ չեմ իմանում: Մի հատ «Փարվանա» էր, էն էլ տվի կնոջս, պրծա: Ես ոչ մի բան էլ չունեմ:
-Իսկ զենք ունե՞ք:
-Զենք, այո՛, ունեմ: Օրինական, ամեն ինչով:
-Փողոցում վերջին օրերին չե՞ք կրակել: Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը:
-Ազի՛զ ջան, էս շաբաթվա սկզբից ես Դուբայում եմ, ո՞ւր եմ կրակել: Չէ՛, չէ՛, նման բան չկա: Ես հիմա հասկանում եմ, թե ինչի են սարքում: Ընտրապայքար ա, բան ա: Սարքում են, որ իմ մասին վատ բաներ խոսան, որ ռեյտինգս ընկնի: Բայց տենց բան չկա: Ես ի՞նչ կապ ունեմ, ի՞նչ կրակոց: Ո՞վ ա ասում, կարա՞ք մեկի անունը տաք: Ասե՛ք, որ պատասխանեմ, հո խոսալով չի՞:
-Մտածում եք` Ձեր «գլխին սարքում են» ականատեսնե՞րը:
-Չգիտեմ` ով, ոնց, ինչ ա ասում, բայց ես տենց բաների հետ կապ չու-նեմ: Ես իմ համար ապրում եմ, ամեն անգամ բերում, մի բան սարքում են: Ի՞նչ եք ուզում ինձանից: Երդվե՞մ, որ հավատաք` կապ չունեմ: Մի՛ հավատացեք, քաղաքական սարքած բաներ են:
-Լավ, ե՞րբ եք Հայաստան վերադառնալու:
-Ամսի 30-ին:
-Ի՞նչ գործով եք գնացել Դուբայ:
-Հանգստանում եմ:
-Ո՞ւմ հետ եք Դուբայում: Հնարավո՞ր է` էլի ինչ-որ քաղաքական շրջանակների հետ լուրջ հարցեր եք լուծում այդտեղ (նախորդ անգամ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի հետ երկրի հարցերն էիք լուծում):
-Չէ՛, չէ՛, տենց բան չկա: Իմ երեխաների հետ եմ, շուտով կգամ, հանգի՛ստ եղեք: Մեր ժողովրդին էլ ասե՛ք, որ Սամոն տենց բաների մեջ չկա, սարքում են: Ես «Նիգ-Ապարան»-ի նախագահ մարդ եմ, ես կրակո՞ղ եմ: Ամոթ էլ ա:
Հ.Գ. Երեկ` երեկոյան, Նիկոլ Փաշինյանը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Ոչ այնքան ուզում եմ պատգամավոր ընտրվել այս ընտրատարածքից, որքան պատգամավոր ընտրելու հնարավորություն ստեղծել քաղաքացու համար: Թեեւ այս ընտրատարածքի մանդատով մարդ կա խորհրդարանում, բայց ընտրողները չունեն պատգամավոր, որովհետեւ պատգամավոր` նշանակում է լինել ընտրողի, քաղաքացու, ժողովրդի պատգամի, կամքի, ցանկության կրող: Դեռ մինչեւ մի քանի ժամ առաջ թիվ 7 ընտրատարածքի ընտրապայքարի ֆավորիտ համարվող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) վերջին հինգ տարին անց է կացրել խորհրդարանում` որպես նույն ընտրատարածքի պատգամավոր, ու ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, ոչ մի անգամ հարց չի տվել կառավարությանը, չորրորդ գումարման ԱԺ-ում տեղի ունեցած 2 հազար 164 քվեարկություններից բացակայել է 1642 անգամ (բացակայությունը` 76 տոկոս), իր մասնակցությամբ «պատված» հատուկենտ քվեարկությունների 99.9 տոկոսում «կողմ» է եղել, չնայած դեռ պետք է պարզել` դա ինքն է քվեարկել, թե իր փոխարեն են քվեարկել… ԸԸՀ եմ մտել մոտավորապես 16:50-ին, այնտեղից դուրս եմ եկել 17-ն անց ինչ-որ բան, ու այդ պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրված չէր: Ինձ համար շատ ավելի մեծ անակնկալ է այն, որ խորհրդարանական կուսակցության ղեկավարն ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվում ոչ թե կուսակցության որոշմամբ, այլ ինքնառաջադրմամբ, եւ հանրությունը խորհրդարանական խմբակցության լիդերի առաջադրման մասին իմանում է ոչ թե կուսակցության հաղորդագրությունից կամ լրատվական հաղորդագրություններից, այլ ԿԸՀ ամփոփագրից»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս