ԲՀԿ-ԱԿԱՆԸ ԿՕԳՆԻ՞ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առաջադիմական երբեմնի կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, որը ծվարել է «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ընտրացուցակի 20-րդ հորիզոնականում, բավականին ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում: Երկու օր է` «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է նրան մեկ հարց տալ իր նախկին հայտարարությունների վերաբերյալ, սակայն Ուրիխանյանը դիմադրում է:
Դեռեւս 2007 թվականի մայիսին Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ, այժմ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը քաղաքական դաշտում գրեթե առաջինն էր, որ հայտարարեց, թե «գալիս ենք Սերժ Սարգսյանին օգնության, հստակ է, որ մենք պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանին, 100 տոկոսով»:
«Ժողովուրդ»-ը փորձեց Ուրիխանյանից պարզել, թե արդյոք նա շարունակում է մնալ նույն կարծիքին եւ պատրաստակամ է օգնելու Սերժ Սարգսյանին: Նախօրեին զանգահարեցինք երիտասարդ գործչին, բայց վերջինս, լսելով հարցը, ասաց. «Ինձ այս պահին հարմար չէ, ինձ դժվար կլինի ասել, թե ինձ երբ զանգեք»: Երեկ կրկին զանգահարեցինք պարոն Ուրիխանյանին, վերջինս, առանց մեր հարցը լսելու, ասաց, որ ինքն արդեն արձագանքել է մեր թերթի հրապարակումներից մեկին եւ չի ցանկանում մեր հարցերին պատասխանել, ապա անջատեց հեռախոսը:
Իհարկե, հասկանալի է, որ Ուրիխանյանը պետք է այդպես ագրեսիվ արձագանքեր մեր հարցին, քանի որ նորաթուխ ԲՀԿ-ականի քաղաքական «կոշտուկ»-ը հենց դա է. նա նախկինում ավելի շատ պրո ՀՀԿ-ական դաշտում էր:  
2007-ի մայիսի 1-ին Տիգրան Ուրիխանյանն «Ա1+»-ին ասել է, որ իրենք սատարելու առումով նախընտրում են բացառապես Հանրապետականին, քանի որ կոալիցիայի նախկին կամ ներկա այլ ուժերին, մեղմ ասած, չեն վստահում: «Այն, ինչ մինչեւ հիմա արվել է, Հանրապետականի շնորհիվ է արվել: Բավ է դա, թե ոչ, լավ է, թե վատ, գոհացնում է մեզ, թե հակառակը` Հանրապետական կուսակցությունն է, որ իրականացրել է այն առաջընթացը, որ երկրում կա` ուզենք, թե չուզենք»:
Անշուշտ, քաղաքական կարճատեսությունն էլ է բնորոշ քաղաքական գործիչներին, եւ ճկուն են այն խաղացողները, որոնք բացատրություն ունեն իրենց խոսքերին: Այնպես որ, լավ կլիներ, որ հեռախոսն անջատելու փոխարեն Ուրիխանյանը բացատրություն տար իր խոսքերին` ինքը Սերժ Սարգսյանին 2013-ին օգնելո՞ւ է, թե՞ ոչ: Կամ ՀՀԿ-ին շարունակո՞ւմ է համարել «ամեն ինչ արած կուսակցություն»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս