ՀՀԿ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ` ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն պետական ողջ ռեսուրսը ներդրել է ԱԺ ընտրություններում սեփական կուսակցության շահերին ծառայեցնելու համար: Պատահական չէ, որ նախընտրական այս ժամանակահատվածում ռեժիմի մոտ մարդասիրության աննախադեպ փայլատակումներ են սկսվել. մե՛կ մեծահոգաբար գյուղացիներին են զիջում տարիներով չվճարված հարկերը (թեեւ` նույն հարկերը նրանք զիջել էին նաեւ 2007-2008թթ. ընտրություններից առաջ), մե՛կ ուսանողներին են կրթաթոշակ բաժանում: Կառավարության երեկվա նիստում էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշել է սոցիալապես անապահով խավի մասին, որոնց օգտագործած գազի դիմաց ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում է տրվում:
«Այս գործառույթը, որի նպատակն է սոցիալապես խոցելի խավերին օժանդակություն ցուցաբերել պետության կողմից, որպեսզի նրանց համար ավելի էժան գնով գազ մատակարարենք, շարունակական բնույթ է կրելու: Մինչեւ 300 խմ-ի համար պետությունն այդ ընտանիքներին օգնություն է ցուցաբերում, եւ նրանց համար գործում է 100 դրամ սակագինը, ոչ թե 132-ը, ինչպես մյուս բոլոր քաղաքացիների համար: Սա արդեն իր դրական ազդեցությունը թողել է. մեր քաղաքացիները, ովքեր համարվում են գազի սպառող, իրենց ընտանեկան բյուջեներում տնտեսում ունեն»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Այսքանից հետո կառավարությունը երեկ որոշում է ընդունել` էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հանձնարարել` «նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված ՀՀ պետբյուջե շահութահարկի վճարումից հետո մնացած եւ չբաշխված շահույթի հաշվին ապահովել 204 մլն 872 հազար 288 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես անապահով ընտանիքների կողմից 2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում»: Հասկանալի է, որ այս որոշմամբ ՀՀԿ-ն պարզապես օրինականացնում է ընտրակաշառք բաժանելը, ընդ որում, ընտրակաշառքը տալիս է անմիջապես ՀՀ պետական բյուջեից:
ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, սակայն, համամիտ չէ այս տեսակետի հետ: Ըստ նրա` կառավարությունը միշտ էլ որոշակի անապահով խավերի համար սահմանել է համապատասխան քվոտա: «Այստեղ որեւէ արտառոց բան չկա, եւ եթե նախընտրական շրջանում ենք գտնվում, սա չի նշանակում, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար որեւէ նմանատիպ միջոցառում չենք անելու»,-ասաց Հովհաննես Սահակյանը: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Տիգրան Սարգսյանը երեկ խոսել է նաեւ գյուղացու հոգսերի հանդեպ ուշադրություն դարձնելու մասին, եւ նույնիսկ կոնկրետ ծրագրեր մատնանշել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց կառավարության` նախընտրական մարդասիրության հանդեպ: «Պարզապես ի չարս են գործադրում պետության ռեսուրսներն ու լծակները, նման որոշումներով ուղղակի էժանագին դիվիդենտներ են շահում այն աղքատ բնակչությունից, որին աղքատացրել են իրենք»,-ասաց Սաֆարյանը: Ըստ նրա` իշխանությունների արարքն իրավական տեսանկյունից քրեորեն պատժելի չէ, սակայն «քաղաքական առումով տգեղ որոշում է»: Ինչ վերաբերում է իշխանությունների արդարացումներին, թե այդ դեպքում իրենք ոչինչ չպետք է անեն, որպեսզի դա չդիտվի նախընտրական քայլ, Սաֆարյանը նշեց. «Մնացած ժամանակ լավ էլ ոչինչ չեն անում: Տարիներ շարունակ ոչինչ չեն անում, հիմա հարց է առաջանում` ընտրություններից առաջ ինչու են բարի դառնում, խոցելի խավերի մասին մտածում: Եթե իրենք աշխատեին, ապա խոցելի խավի նման պատկեր չէր լինի»:
Կառավարության երեկվա որոշումն ուղղակի նախընտրական կաշառք որակեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ընդ որում, ըստ նրա՝ ռեժիմն այնքան է լկտիացել, որ որպես ընտրակաշառք՝ ծախսում է ոչ թե սեփական գրպանի, այլ ՀՀ պետական բյուջեի գումարները: «Իշխանությունը ՀՀ պետական բյուջեն օգտագործում է ընտրակաշառք տալու համար: Եթե իրենք իրապես ուզում էին այդ հարցը լուծել, ապա ՀՀ պետական բյուջեի քննարկումների ժամանակ կարող էին նման տող գրել: Բայց այն ժամանակ դա չարեցին, հիմա էլ, տեսնելով, որ իրենք ընտրվելու շանս չունեն, ստիպված նման մեթոդների են դիմում»,-ասաց Խաչատրյանը: ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով` ժողովուրդը չպետք է այս պահին խաբվի ռեժիմի արածով: «Միեւնույն է, գազի գինն իրենք բարձրացնելու են եւ այս գումարներն այլ ձեւով են վերադարձնելու: Չկա աշխարհում մի երկիր, որտեղ գազը ստանան մի գնով, երկրի ներսում քաղաքացիներին այն վաճառեն կրկնակի թանկ: Այնպես որ, չեմ կարծում` իշխանությունների այս քայլն ազդեցություն ունենա հասարակության վրա: Մեր ժողովուրդը չի խաբվում, ժողովուրդը գիտի, որ իշխանությունն իրեն միայն ընտրությունների օրն է հիշում»,-ասաց Խաչատրյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս