2067 մարզական ընտանիքից եզրափակիչ են անցել 144-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնմեկերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումները:

«Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Այս տարի մրցույթին մասնակցել է 2067 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (նախորդ տարի՝ 2041 ընտանիք): Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք:

Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև հաշմանդամ ունեցող 16 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, ինչպես նաև գավաթներ՝ առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած, մրցույթի ընդհանուր հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված Երևանի, ԼՂՀ և ՀՀ մարզերի պատվիրակությունների ղեկավարներին: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից պարգևատրվել են նաև մարզահագուստով և նվերներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի ինչպես հաղթողներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին, նշելով, որ այսպիսի մրցույթներում պարտվողներ չեն լինում՝ հաղթում են բոլորը:

«Յուրաքանչյուր մարզական ընտանիք մեր երկրի հարստությունն է, որովհետև մարզական ընտանիք՝ նշանակում է առողջ ընտանիք, նշանակում է՝ լավատեսական տրամադրություն ունեցող ընտանիք: Առողջ ընտանիք՝ նշանակում է առողջ երեխաներ, առողջ փոխհարաբերություններ: Ձեր առավելությունը ուրիշների նկատմամբ նաև նրանում է, որ դուք ոչ միայն ինքներդ եք դրական ազդակներ ստանում, այլ նաև դրական ազդակներ եք հաղորդում ուրիշներին: Իսկ այսօր հասարակությանը ձեր հաղորդած դրական ազդակները չափազանց անհրաժեշտ են»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Կարևորելով պրոֆեսիոնալ սպորտն ու հայ մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզում՝ Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ «Մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցները ևս չափազանց կարևոր գործ են կատարում՝ ոչ պակաս, քան մեր պրոֆեսիոնալ մարզիկները:




Լրահոս