ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելել է Վանաձոր քաղաքի մի շարք միջնակարգ դպրոցներ եւ հանդիպելով ուսուցինչների եւ աշխատակազմի հետ` կոչ է արել ակտիվություն ցուցաբերել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստապես դատապարտում է պաշտոնատար անձի նման պահելաոճը եւ հիշեցնում.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` … արգելվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնական դիրքի ցանկացած չարաշահումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար: Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` … արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`  պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հետեւաբար, մարզպետը իրավասու չէ օգտագործել իր պաշտոնական դիրքը` հօգուտ ՀՀԿ-ի քարոզչություն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` … նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը… Հիշեցնենք, որ  մարտի 22-ը թեկնածուների առաջադրման վերջին օրն է: Հետեւաբար, նախընտրական քարոզչություն իրականացնելը դեռեւս արգելված է օրենսդրությամբ:  
3. Արգելվում է աշխատանքային ժամանակն օգտագործել այլ նպատակների համար:
Այսպիսով` ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կոչ է անում ՀՀ կառավարությանն ու ՀՀ վարչապետին համապատասխան միջոցներ ձեռնարկել` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գործողություններին համապատասխան գնահատական տալու եւ հետագայում նմանատիպ իրավիճակները կանխարգելելու համար:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Վանաձոր




Լրահոս