Արցախում զոհված զինվորին կհուղարկավորեն գյուղի ազատամարտիկների պանթեոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում զոհված և հետմահու «Արիության մեդալով» պարգևատրված 19-ամյա զինծառայող Խաչատուր Բադասյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի ղեկավար Վահրամ Շառոյանը, Խաչատուրի դին երեկ տեղափոխել են գյուղ, և հուղարկավորության ծախսերը հոգալու է ՊԲ-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով ԼՂՀ Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքերից մեկում զոհվել է Խաչատուր Բադասյանը, ում, համայնքապետի փոխանցմամբ, հուղարկավորելու են զինվորական կարգով: Խաչատուրի հոգեհանգստին ներկա է եղել նաև գնդի հրամանատարը, հուղարկավորությանը ներկա կլինեն Պաշտպանական բանակի զինծառայողներ: Իսկ զոհվածի հայրը` Լևոն Բադասյանը, և հորեղբայրը Ռուսաստանից արդեն վերադարձել են:

«Գյուղում Եռաբլուրի նման փոքրիկ գերեզմանոց ունենք, որտեղ մեր կռված տղաներն են թաղված, հենց նրանց կողքին էլ Խաչատուրինն է լինելու: Իմացանք, որ գնդակի բեկորներից է Խաչատուրը զոհվել: Ամբողջ գյուղն իրենց կողքին է, ինչով կարող ենք, օգնում ենք»,- հայտնեց համայնքապետ Շառոյանը:

Հիշեցնենք, որ Վահրամ Շառոյանն Armlur.am-ին ավելի վաղ տեղեկացրել էր, որ զոհված զինծառայողի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, սեփական տուն անգամ չունի, իսկ Խաչատուրը տան միակ տղան էր:




Լրահոս