ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԷԼԻ «ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատը Հայաստանի այն քաղաքներից է, որը ձեւավորվել է արդյունաբերական ձեռնարկության շուրջ: Ուրեմն այստեղ բնակիչների գերակշռող մեծամասնությունը եկվոր է: Եկվոր են նաեւ Զոդ թաղամասի բնակիչներից շատերը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում փախստականները: Երբ երեկոյան լինես Արարատում, կմտածես, թե եկել ես քիչ, թե շատ բարեկարգ գյուղ, որովհետեւ փողոցների մեծ մասում բացակայում է լուսավորությունը, չնայած որ մի քանի տեղ սրճարաններ կան: Ինչպես արարատցիներն են ասում, կյանքն առաջ է գնում, իսկ իրենց քաղաքը` դեպի հետ:
Տարիներ շարունակ այստեղ հույսեր են փայփայել, որ փոփոխություններ կլինեն, քաղաքապետարանը լուրջ քայլեր կձեռնարկի: Սակայն պահպանվածն ու դեռեւս աչք շոյողը մնացել է խորհրդային տարիներից, իսկ 21-րդ դարի Արարատ այդպես էլ չի կառուցվել: Որպես կանոն` փոքր քաղաքներում մարդիկ իրենց հույսերը կապում են տեղական իշխանությունների հետ, իսկ Արարատում տեղական իշխանություններին պարզապես չեն սիրում: Չեն սիրում քաղաքապետ Աբրահամ Բաբայանին, որին այստեղ համարում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ մարզպետ Էդիկ Բարսեղյանի դրածոն: Հենց 1 տարի առաջ, երբ տեղի ունեցան ընտրությունները, այս 2 բարձրաստիճան պաշտոնյաները պայքարի մեջ մտան մյուս թեկնածուների հետ, մի քանիսին ընտրարշավի կեսից հեռացրին, իսկ վերջում էլ հաղթանակ շնորհեցին Աբրահամին, ով էլ հիմա ղեկավարում է քաղաքը: Ավելի ճիշտ, ոչ թե ղեկավարում, այլ տեր է կանգնում քաղաքի ունեցվածքին: Հանրապետական կուսակցության անդամ Աբրահամ Բաբայանը լավ գիտի, որ ինչ էլ անի, «ջրից չոր դուրս կգա», որովհետեւ ունի հզոր պաշտպաններ: Իհարկե, ամենամեծ պաշտպանը Ալիկ Սերգեյիչն է, ում ոստիկանապետ եղած ժամանակ Աբրահամ Բաբայանը «գործ էր տալիս», դեպի ազատազրկում ճանապարհում իրեն անցանկալի անձանց… Եւ որպեսզի Ալիկ Սերգեյիչի աչքն էլ միշտ քաղցր լինի Աբրիկի վրա, Բաբայանը, խախտելով ՏԻՄ օրենքը, նրան պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել, նաեւ օրենքի խախտմամբ նախկին քաղաքապետին զրկել է պատվավոր քաղաքացու կոչումից:
Արարատը Երեւանից հեռու չէ, բայց պարզվում է, որ մայրաքաղաքին մոտ էլ կարելի է «սեփականաշնորհել» քաղաք եւ աշխատել այնպես, որ որեւէ մեկը չզբաղվի քաղաքով ու քաղաքապետի գործունեությամբ: Բայց արդեն զբաղվում են: Հենց օրերս մանկապարտեզներից մեկի շենքի սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկացվեց, որ «Աբրահամ Բաբայանը կեղծել է նախորդ քաղաքապետի ստորագրությունը, որպեսզի փաստաթղթերով ցույց տա, որ սեփականաշնորհումը կատարվել է օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ: Այս կապակցությամբ նախորդ քաղաքապետ Հակոբ Թովմասյանը դիմել է Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ Աբրահամ Բաբայանը նախորդ քաղաքապետին զրկի պատվավոր քաղաքացու կոչումից»:
Սակայն պարզվում է, որ քաղաքապետ Աբրահամ Բաբայանը միայն մանկապարտեզի շենքը չի օտարել, չնայած ՀՀ օրենքներով արգելվում է կրթօջախների եւ մշակութային նշանակության շինությունների սեփականաշնորհումը: Նա նաեւ օտարել է քաղաքի միակ պատկերասրահը, քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճը, Խանջյան փողոցի` ավտոտնակներին հարող մայթը… Մեծ քաղաքներում սրանք կարող էին մեծ ուշադրության չարժանանալ, սակայն թեկուզ Երեւանում, եթե մանկապարտեզ սեփականաշնորհվեր, անմիջապես լուրը ոտքի կհաներ շատերին: Արարատում տեղեկացել են այս ամենի մասին, սակայն լռել են, որովհետեւ Աբրիկը բոլորին վախեցնում է մարզպետ Լոնդիկով եւ նախկին ոստիկանապետով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ օտարված կառույցների մեծ մասը շատ էժան գներով գնել է Աբրահամ Բաբայան անուն-ազգանունով մի մարդ:
Արարատում, ինչպես պարզվեց, այս անուն-ազգանունով գնորդը հենց քաղաքապետն է: Մամուլում կարդում ենք. «Ուսումնասիրված փաստաթղթերում, ասենք, գոյություն ունի երկու 166 որոշում, սակայն բոլորովին տարբեր բովանդակությամբ: Թե ինչպես է եղել, որ նույն որոշումից 2 օրինակ կա` տարբեր բովանդակությամբ, հասկանալի չէ»:
Ի դեպ, մեզ հետաքրքրեց նաեւ Աբրիկի կենսագրությունը: Ծնվել է Արարատում, այս տարի կնշի իր 55-ամյակը: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գինեգործության ֆակուլտետը: Սակայն գինեգործությամբ երբեք չի զբաղվել: Սկզբում աշխատել է N 5 գյուղշինտրեստում որպես շինվարչության բանվոր, իսկ 1979-1991թթ. եղել է ավագ վաճառող, գաստրոնոմի վարիչ: Մոտ 3 տարի «Արարատ» տնտհաշվարկային կենտրոնում աշխատել է բաժնի վարիչ, փոխտնօրեն, ապա նաեւ տնօրեն: Միայն 1993թ. հիշել է իր ստացած կրթության մասին եւ դարձել «Կոնյակ» միավորման Այգավանի կոնյակի գործարանի տնօրեն: Այստեղ աշխատել է մինչեւ 1998թ.: 1998-1999թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ապա երկու տարի «անհետացել» տեսադաշտից: Որտեղ եւ ինչ է աշխատել` չգիտենք, սակայն 2001թ. Ալիկ Սերգեյիչի միջնորդությամբ գինեգործ-կոնյակագործը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղի տնօրեն եւ այստեղ աշխատել մինչեւ 2007թ.: 2007-ին էլ ընտրվել է Արարատի քաղաքապետ, ապա վերընտրվել 2011թ.:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս