ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԸ` «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 2 օր է` հայկական վիրտուալ տարածությունում է հայտնվել «հայկական» մարմնավաճառների կողմից իրենց ծառայություններն առաջարկող կայք: Չնայած, որ կայքում ոչ միայն հայազգի «աղջիկներ» են առաջարկում իրենց ծառայությունները, այնուամենայնիվ, այն բավական բուռն եւ բացասական արձագանք ստացավ «Ֆեյսբուք»-ում: Հիմնականում հնչում էին կոչեր` ուղղված ուժային կառույցներին, որպեսզի քայլեր ձեռնարկեն եւ դադարեցնեն կայքի գործունեությունը: Մասնավորապես` օգտատերերից մեկը գրել է, որ նման կայքի առկայությունը սազական չէ մեզ, ինչը շատ բուռն քննարկման առարկա դարձավ:
Լրագրողուհի Աննա Եղիազարյանը, նկատի ունենալով կայքի անվանման հայերեն թարգմանությունը (հայաղջիկներ.ամ) գրում է. «Ես` որպես հայուհի, բողոքում եմ այս անվան դեմ… ո՞վ է իրավական ոլորտից տեղյակ, չե՞նք կարող դատի տալ` որպես իմ բարի համբավն արատավորող սայթ»: Իսկ Մհեր Մխիթարյանն էլ արձագանքում է, «Իմ կարծիքով` մարդկային հոգու ծախվածությունն ավելի ծանր պոռնկություն է, քանց մարմնական, տես` մեր կառավարության-ղեկավարության մեծ մասը»: Մեկնաբանությունների տակ էլ բավական դիպուկ է արձագանքում Արտակ Եղիազարյանը, ով հռետորական հարց է հնչեցնում. «Ա՛յ ժողովուրդ, ինչ մի խառնվել եք իրար, օնլայն Ծերեթելի ա, էլի», իսկ Զորիկ Գալստյանը գրում է. «Բարոյականությունը սեքսի հետ կապ չունի, գողություն անողը, խաբողն ավելի անբարոյական են, քան ցանկացած մարմնավաճառ»:
Ընդհանրապես տպավորությունն այնպիսին էր, որ մեր հասարակությունն այնքան է հոգնել կառավարության հանցավոր գործունեությունից, որ արդեն թքած ունի ազգային արժանապատվության, ազգային արժեքների ոտնատակ լինելու բացահայտ փաստերի վրա: Սա իսկապես ողբերգական է: Օրինակ` Տաթեւ Հ. հրազդանցի անունով օգտատերը, փորձելով ցրել լարված քննարկումը, գրում է. «Խայտառակությունը ոչ թե կոնկրետ սայթն ա, այլ երեւույթը, որ խոսքի, գործողությունների ու մնացած ազատությունները հանգեցրել են նրան, որ մի «հայ» մարդու մտքով անցել ա առանց վատ զգալու նմանատիպ «սայթ» բացել… թե չէ աղջիկներին ինչ կա, ինձ թվում ա «էդ ոլորտի» հետ քիչ թե շատ շփվող մարդիկ իրանց բոլորին էլ ճանաչում են…)))»: Աննա Եղիազարյանը կրկին միանում է քննարկմանը եւ գրում, թե ինչն է իր համար առավել անընդունելի. «Ժո՛ղ ջան, այստեղ ԵՐԿՈՒ ԽՆԴԻՐ կա` 1. որ լրատվամիջոցներն են դա տարածում` նշելով կայքի հասցեն, 2. կայքի անունն է վիրավորական` գոնե ինձ համար»: Մեկ այլ օգտատեր` Հովհաննես Հովհաննիսյանը, գրում է. «Կներեք… բայց ինչի՞ էք բողոքում կայքին…. բողոքե՛ք այդ կայքից օգտվողների դեմ… թե՞ մտածում եք, որ կայքը չլինի, բոլորս դառնալու ենք շատ բարոյական կերպարներ… դե տենց ա, եկեք Երեւանի մի քանի մոստ քանդենք, կինո «Ռոսիա»-ն պայթացնենք… ու էլի լիքը տենց քայլեր անենք… էս կայքն էլ մի տեղ ա… ու վերջ… սա ո՛չ նպաստելու ա երեւույթի տարածմանը, ո՛չ էլ… գներն ահագին թանկ են… շատերին անհասանելի… տակ չտո եկեք պայքարենք… բան լինի` պայքարենք….»: Արեստակես Սիմավորյանն էլ գրում է. «Ցավով եմ ասում, բայց ուշադիր որ հետեւես, կտեսնես, թե ինչու է այդպես: Եթե երկրում արդեն բացահայտ մանկապղծության դեպքեր են մեկը մեկի հետեւից ի հայտ գալիս, եթե հասարակության մեջ տեղ են գտնում եւ օր օրի տարածվում այլասերված երեւույթներ, ուրեմն բնական է: Ես մենակ զարմանում եմ Տիրոջ համբերության վրա»:  
Հ.Գ. Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ համապատասխան մարմիններն արդեն զբաղվում են այդ հարցով: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ոստիկանությունը փակել է այդ կայքը եւ հայտնաբերել հեղինակին: Կատարվում է փորձաքննություն:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս