Չինարիում հնչած կրակոցների պատճառով Կարմիր խաչի ներկայացուցիչները լքել են տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքում երեկ մոտ 2 ժամ շարունակ հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել: Մասնավորապես, ինչպես Armlur.am-ին հայտնեց Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը, ինչպես նախորդ մի քանի անգամները, երեկ նույնպես գնդակոծությունը եղել է ցորենի արտերի ուղղությամբ:

Ի դեպ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պայմանավորվածության համաձայն՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ չինարեցիները հնձելիս են եղել արտեր Մովսես գյուղի կոմբայնի միջոցով:

«Երեկ նույնպես հացահատիկ պետք է հավաքեինք: Էրեխեք կային, կանայք, Կարմիր խաչից մի քանի հոգի: Բայց նորից սկսեցին կրակոցներ հնչել, ու նորից՝ կոմբայնի ուղղությամբ: Կոմբայնավար Լորիսը կոմբայնը չթողեց, ես գոռացի` Լորիս փախի, չփախավ, ինքը հերոսաբար պտտեց ու մի 150 մետրի չափով քշեց կոմբայնը, որ գոնե կարողանա փախչի: Նրանք սկսեցին մաղելը, ոչ թե հատ-հատ, այլ՝ կրակահերթ: Կարմիր խաչից եկած մարդիկ էլ ստիպված գնացին»,- ասաց համայնքապետը` հավելելով, որ Կարմիր խաչի մեքենայի վարորդը քշեց, որ մոտենա կոմբայնին, սկսեցին կրակել նաև մեքենայի ուղղությամբ: Մարդկային զոհեր, բարեբախտաբար, չեն եղել:

«Գնդակները դիպել են կոմբայնի անիվին, սպասել ենք մեկուկես ժամ կրակահերթերի տակ, Կարմիր խաչի մեքենան էլ եկավ, որ հանի ինձ, բայց ես ասացի` դու գնա, ես կթաքնվեմ, որ եթե հրդեհվի, հանգցնեմ: Մերոնք այնուհետև սկսեցին արժանի հակահարված տալ: Նաև Չորաթանի գյուղապետն եկավ մեզ մոտ, կոմբայնը հանեցինք տարածքից: Ռիսկային հատվածում դեռևս 27 հեկտար ցորեն կա հնձելու»,- շարունակելով խոսքը` ասաց Սամվել Սաղոյանը:




Լրահոս