ՌԴ-ն փորձում է «դաստիարակել» Լ. Հայրապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարկարյանը երեկ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է, որ  օրվա ընթացքում  Լ. Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք է առաջադրվելու: Սակայն մինչև օրվա ավարտն  այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց, իսկ թե ինչու` առայժմ հայտնի չէ:

Փաստաբանը նշել էր, որ Հայրապետյանը  մեղադրվում է հանցավոր ճանապարհով փողերի յուրացման և լվացման մեջ: Բայց մինչև այսօր հանրության համար  անհասկանալի է մնում, թե  ինչո՞ւ է Լ. Հայրապետյանը ձերբակալվել և ո՞րն է նրա կատարած հանցանքը: Հայտնի է, որ ՌԴ-ում և ՀՀ-ում խոշոր գործարարները «մաքրամաքուր» գործունեություն չեն ծավալում ու իրենց միլիոնները վաստակում են օրենքի մանր ու մեծ խախտումներով: Հետևաբար, ի՞նչն էր Լ. Հայրապետյանի սխալը, որը գրավեց ՌԴ ղեկավարության ուշադրությունը:

Ըստ ամենայնի, դա կապված է ոչ այդքան բիզնես նախագծերի, որքան Լ. Հայրապետյանի ունեցած կապերի հետ, որոնց  մասին տարբեր ժամանակահատվածներում  միջազգային լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել:  Պատահական չէ նաև այն,  որ այս օրերին համացանցում շրջանառության  մեջ է դրվել  մի լուսանկար, որտեղ  Լ. Հայրապետյանի կողքին ջերմորեն ժպտում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Թե որքանով դա  կարող է առնչություն ունենալ Հայրապետյանի նկատմամբ ռուսական իշխանությունների վերաբերմունքի փոփոխության հետ` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան սրված հարաբերությունների այս փուլում Բարաք  Օբամայի հետ հանդիպող հայազգի գործարարը  չի կարող դասվել Պուտինի  մերձավորների թվին:

«Ժողովուրդ»-ը փորձեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանից պարզել՝ արդյոք Բ. Օբամայի և Լ. Հայրապետյանի հանդիպումը կարող էր այս ամենի հետ որևէ կապ ունենալ. «Ամեն ինչ կապված է ՌԴ-ի` մեր տարածաշրջանի հետ կապված հետաքրքրության և նկրտումների հետ: Լ. Հայրապետյանն անում է մի քաղաքականություն, որը դեմ է ՌԴ քաղաքականությանն ու Ռուսաստանն էլ գիտեր, թե Արցախում ինչով է զբաղված Լ. Հայրապետյանը: Դա մի քաղաքականություն էր, որը պետք է խթաներ ԼՂՀ-ի ու արցախցու հաստատակամ մնալուն, ինչն  էլ դեմ է ռուսական շահերին:  ՌԴ-ն այսօր այլ շահեր է հետապնդում: Սա բացարձակ սադրանք է ՀՀ-ի, Արցախի ու Լևոն Հայրապետյանի նկատմամ»՚:

Անկախ պաշտոնական վարկածից և Հայրապետյանին առաջադրվելիք մեղադրանքից՝ հայտնի փաստ է, որ  նա Արցախի անկախության ճանաչման  ամենամեծ լոբբիստն էր  ու  ազատագրված տարածքների վերադարձման հարցում ամենակոշտ դիրքորոշումն ուներ: Որքան էլ փորձենք հավատալ, որ Հայրապետյանի ձերբակալման հարցում չկա քաղաքական ենթատեքստ, այդուամենայնիվ պետք է փաստել, որ Լ. Հայրապետյանը տարածքների հանձնման հարցում կարող էր լուրջ խոչընդոտ դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, և ինչու ոչ` նաև ՀՀ իշխանությունների համար:  Ուստի չի  բացառվում, որ նրան կալանավորել են, որպեսզի«դաստիարակեն» Արցախի հարցի` ոչ հայանպաստ  լուծմանը չխոչընդոտելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս