ՋՈՒՐՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ը ՄԱԿ-ը հռչակել է ջրի համաշխարհային օր: Այդ կապակցությամբ  Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում կազմակերպվել էր  միջոցառում` նվիրված ջրին: Մասնակիցները հայտարարեցին, որ միջոցառման նպատակը ստորգետնյա ջրերի աղտոտման դեմ պայքարն է, որպեսզի չվտանգվի երկրի էկոհամակարգը:
Նշենք, որ միջոցառումը նախաձեռնել էին «Էկո» ակումբի կազմակերպիչներ Գայանե Գրիգորյանը (Երկրաբանական թանգարանի վարիչ), Սեդա Ավագյանն ու Սուսաննա  Բարսեղյանը (Ճարտարապետա-շինարարական համալսարանի կենսաէկոլոգիայի ամբիոնի դասախոս):
Գայանե Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ նմանատիպ միջոցառումներ շատ են կազմակերպվում, իսկ Սուսաննա Բարսեղյանն էլ ավելացրեց, որ շատ ուսանելի միջոցառում է մատաղ սերնդի համար. «Եթե նրանք ճիշտ գնահատեն ու ճիշտ մոտենան բնական ռեսուրսներին, ապա հետագայում որպես հասարակության հասուն անդամներ` կսկսեն ավելի գրագետ ու խելացի օգտագործել մեր բնական հարստությունը»:
 «Խազեր»  էկոլոգիամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը  ցավում է, որ այսօր ռադիոյով ու հեռուստատեսությամբ չի խոսվում էկոլոգիայից, եւ չեն ցուցադրվում բնապահպանական ծրագրեր` հատկապես այն մասին, որ մենք ունենք ջրի աղտոտվածություն, էֆտրոֆիկացիա, քաղցրահամ ջրի 84 տոկոսի կորուստ, կենսաբազմազանության կորուստ եւ էկոհամակարգի վտանգ: «Դրանք դժվար լուծելի խնդիրներ են, միայն պետք է սրտացավ լինենք»,-«Ժողովուրդ»-ին խոստովանեց Ամալյա Համբարձումյանը:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս