Չնայած ՀՀ նախկին եւ ներկա վարչապետների հարաբերությունները նախկինում մշտապես լարված են եղել, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո շարունակում է իր նախորդի` Տիգրան Սարգսյանի ավանդույթները: Նախկին վարչապետն էլ ավանդույթի համաձայն՝ արտասահմանյան գործուղումների էր մեկնում միմիայն չարտերային չվերթերի միջոցով` այդ նպատակով ծախսելով հսկայական գումարներ:
Հուլիսի 10-ին Հ. Աբրահամյանը երկօրյա այցով մեկնել էր Սոչի` հանդիպելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Պարզվում է` 2 ժամ տեւողությամբ այդ չվերթն իրականացվել է «Էյր Արմենի»՚ ընկերության Airbus320 ինքնաթիռով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ նպատակով Աբրահամյանը պետբյուջեից ծախսել է 19 մլն 200 հազար դրամ կամ 47 հազար ԱՄՆ դոլար: Խոստովանենք, Հայաստանի նման աղքատ երկրի համար այդ շարունակական ծախսերը մեծ բեռ են:
Ի դեպ, այս լուսանկարն արվել է Սոչի այցի ժամանակ: Վարչապետը երանավետ ժպիտով նստել էր այս համեստ մեքենայի մեջ եւ ըմբոշխնելով պահը, թե ինչպես ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն իր համար վարորդ է աշխատում: Ո՞վ գիտե, միգուցե հանուն այս հաճույքի արժե՞ր հարկատուներիս գրպանից 19.2 մլն դրամ ծախսել: