«ԿԳԱ ՕՐԸ, ԵՍ ԼԱՎԱՏԵՍ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրույցի առաջին մասում դերասան ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, թե ինչու այլեւս չի նկարահանվում սերիալներում: Իսկ հիմա կխոսենք հեռուստաընկերությունների քաղաքականության եւ գործում ոչ պրոֆեսիոնալների ներգրավման մասին:
-Սերիալների որակի եւ առատության հարցում կարծես մի տեսակ մրցակցություն է հեռուստաընկերությունների մեջ:
-Պետք չէ, որ իրար հետ մրցեն, թող մտածեն, թե ինչ անեն, որ ժողովրդի համար լավ լինի: Նրանց մրցակցությունը նույնիսկ էկրանից է երեւում: Մեկը սիրո մասին ֆիլմ է նկարում, էն մյուսն էլ է նկարում, մեկը բանակի մասին է մի բան անում, մյուսը շտապում է կրկնել, մեկը ոստիկանների մասին… Լավ, էդպես ո՞նց կլինի, ու եթե նկատել եք, նույն ժամին էլ դնում են: Չի կարելի: Երեւում է, որ մրցակցության խնդիր է, ոչ թե որակի: Սերիալը վատ բան չէ, ուղղակի որակ չկա Հայաստանում:
-Իսկ շատ ռեժիսորներ պնդում են, որ իրենց սերիալն ամենաորակովն ու թանկարժեքն է…
-Հայաստանում որակով սերիալ չկա, կան որակով նկարահանված հատուկենտ տեսարաններ: Պատճառը հետեւյալն է: Ռեժիսորը օրվա մեջ 20 էջ է նկարում, կարո՞ղ եք ինձ ասել` քանակի մեջ ոնց կարող է որակ ապահովել: Հիմա էս 3 ամիսն է` Դուրյանի մոտ ներկայացում եմ փորձում, ո՞րն է որակով: Մի օրում 20 է՞ջ կարդամ, թե՞ 4 ամսում 3 էջ  սովորեմ: Բոլորը պահանջում են արագ, դե որ հասցնեն:
-Դերասանները նաեւ դժգոհում են, որ սերիալները կոնվեյերի պես մի բան են, տանում են դեպի լճացում:
-Հայկական սերիալներն են լճացում, իսկ սերիալը լճացում չէ: Դերասանի հետ աշխատող չկա: Մի ռեժիսոր չկա, որ դերասանին ասի` սե՛նց արա կամ նե՛նց արա: Ինձ անձամբ ոչ մի ռեժիսոր չի ասել, բացի Վահե Խաչատրյանից: Ոչ թե ռեժիսորը չի ուզում ասել, այլ չի կարող, ինքն այդքան գիտելիք չունի: Դրանից էլ գալիս է այդ լճացումը: Ռեժիսորը չի ասում, դերասանն էլ լճանում է, ինչ կարողանում, դա է անում: Նա, ով կրթված է, կարողանում է ինքնուրույն հաղթահարել խնդիրը, իսկ նա, ով դերասան չէ, սկսում է կապիկություն անել: Այդտեղից սկսվում է գռեհկություն, ու այդ ամենին ստոպ տվող չկա:
-Այդ ամենից բացի, ինչպես Դուք նշեցիք, չդերասաններ են նկարահանվում…
-Իհարկե, լիքը չե՞ն: Էլ չեմ ասում` սցենարիստները եսիմ ովքեր են, շատ քիչ կան կարգին սցենարիստներ: Մի հատ նայե՛ք` սերիալ գրող սցենարիստները բանասիրական կրթություն ունե՞ն, մեկ կամ երկու հոգի կգտնվի:
-Ձեր խոսքից հասկացա, որ այն սերիալները, որ մենք այսօր դիտում ենք, աղբ են:
-Չեմ ուզում այդքան կոպիտ ասել` աղբ, բայց ջանք էլ չեն անում, որ այդ սերիալների որակը բարձրացնեն: Իհարկե, շատ ցածր մակարդակի, արագության հաշվին ստեղծված բաներ են: Բոլորի մասին հստակ չեմ կարող ասել, բայց մեջներն աղբ էլ կա: Այնուամենայնիվ, որակն ահավոր ցածր է:
-Ինչի՞ց է գալիս այդ ցածրորակությունը:
-Արագությունից: Պրոֆեսիոնալ մարդկանց աշխատանքի մեջ ներգրավվելու համար բարձր հոնորարներ են ուզում, հեռուստաընկերություններն էլ չեն վճարում: Նրանք գտնում են, որ ժողովրդին ինչ էլ ցույց տան, միեւնույն է, նայում են:
-Փորձում են քիչ բյուջեով «որակյալ» բան ստեղծել, հավանաբար խնայում են…
-Բա իհարկե, ինչի՞ մասին է խոսքը, ո՞նց կարող ես լավ փող ծախսել, ու վատը լինի, լավ ռեժիսոր կանչես, ու վատ սերիալ լինի, չի կարող լավ դերասանը վատ խաղալ: Ոչինչ, սա էտապ է, կանցնի, նորմալ է, հղկվում են: Սերիալը նաեւ դրական բաներ էլ ունի, չէի ուզի միայն բացասականն ասել:
-Որո՞նք են:
-Այն, որ մի ամբողջ սերունդ ժամանակին չտեսավ կամերա, կրթություն չստացավ, ցուրտ ու մութ տարիներ էին, ուսմանը ոչ ոք այդքան ուշադրություն չէր դարձնում: Օպերատորները տեխնիկայի հետ են ծանոթանում, այն ժամանակ չգիտեին` կամերան ինչ բան է:
-Ուզում եք ասել` սերիալը աշխատատե՞ղ է ստեղծում:
-Ինչ-որ աշխատատեղեր ստեղծում է, բայց արդեն ժամանակն է, որ լավորակ բաներ էլ լինեն, որ դերասանը դերասանություն անի, բժիշկը` բժշկություն: Ժամանակն անցել է, որ ում պատահի` բերես նկարես, հաստավիզ տղերքին բերես, թիկնապահ նկարես: 2 տարի առաջ, հնարավոր էր, դեռ անցումային շրջանում էինք, հիմա արդեն կուզենայի լուրջ աշխատանքներ տեսնել, նույնիսկ լուրջ սերիալներ, ինչի կարիքը կա:
-Եթե մի բանի անունը սերիալ է, ու այն ձգվում է 2 տարի, հնարավո՞ր է` լուրջ բան լինի:
-Հնարավոր է ու անպայման կլինի: Ես ասել եմ` Ֆրունզիկի նման դերասան ունեցող ազգը չի կարող սրա վրա մնալ: Կգա օրը, ես լավատես եմ: Ինչ էլ որ ասացի, այս պահի դրությամբ ասացի: Դեռ հրաշալի ֆիլմեր ենք անելու, ուղղակի կամաց-կամաց: Ցավոք սրտի, ամեն ինչ դանդաղ տեմպերով է լինում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս