
Արդեն տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նպատակ ունի կոմիտեի աշխատակազմում ընդգրկել այն մարդկանց, որոնց հետ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ քննարկվում է նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Կորյուն Փիլոյանին Քննչական կոմիտեում բարձր պաշտոնի նշանակելու հարցը: Երեկ փորձեցինք լուրի իսկությունը ճշտել հենց Փիլոյանից:
«Ինձ որևէ առաջարկ չի եղել»,- հակիրճ պատասխանեց նա: Հարցին՝ առաջարկ լինելու դեպքում արդյոք կհամաձայնի աշխատել քննչական կոմիտեում, Փիլոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, երբ որ առաջարկություն կլինի, այդ ժամանակ էլ կմտածեմ: Նախապես չեմ ցանկանում խոսել»: