ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵԼՈՒՅԹԻ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 18-ին Ազատության հրապարակում ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքին «բոցաշունչ» ելույթ է ունենալու ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում Ա. Բաղդասարյանը տքնում է իր ելույթի վրա, որը լի է լինելու քննադատությամբ՝ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ եւ ժողովրդին իշխանություններից պաշտպանելու հռետորաբանությամբ: Նմանատիպ մի ելույթ էլ, ըստ մեր աղբյուրների, պատրաստվում է ունենալ նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ում մոտ «ստացվում» է քննադատել ու մեղադրանքներ հնչեցնել իշխանությունների հասցեին: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը:

 

 

 

ԿՈԼԱՊՍԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈ՞ՒՄ Է

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում կրկին բարձրացնել «Նաիրիտ» գործարանում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանում ՀՅԴ-ն արտահերթ կարգով քննարկման էր դրել այդ հարցը, սակայն ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր մինչեւ սեպտեմբեր հետաձգելու դեպքում օգնել հանձնաժողովի ստեղծմանը: Իսկ օրերս էլ, որպես վարչապետ, «Նաիրիտ»-ի աշխատակիցների հետ հանդիպումից հետո Աբրահամյանը խոստովանել էր. «Մենք մի կոլապսի մեջ ենք մտած, երկու ամիս է՝ ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել»: «Կոլապսի ծայրը» գտնելու վարչապետի խոստումից հետո, «Նաիրիտ»-ի աշխատակիցները սպասում են վերջինիս հրավերին, քանի որ Աբրահամյանը խոստացել էր, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը, ինչպես նաեւ նշել էր, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը: Հիմա աշխատակիցները լիահույս սպասում են այդ հրավերին:

 

 

 

ԿՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵՆ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվելու Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին: Ըստ այդմ, Երեւան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքի, Վարդաշեն 6-րդ փողոցի 68, Թբիլիսյան խճ. 5 հասցեների հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:




Լրահոս