ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԹԵԺ ԱՇՆԱՆ
Իշխանությունները մտադիր են աշնանը փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում է նախապատրաստվում փոփոխությունների փաթեթը, որով փորձում են վերացնել այն լուսանցքները, որոնցից սովորաբար օգտվում է ընդդիմությունը: Մյուս կողմից, ըստ մեր աղբյուրների՝ կանոնակարգում մնալու են ընդդիմադիր խմբակցությունների համար սահմանված արտոնությունները, երբ հայտարարությունների ժամին եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր խմբակցություններից երեքական հոգու ելույթի հնարավորություն է տրվում: Դա էլ` նրա համար, որ տպավորություն չստեղծվի, թե իրենք ընդդիմության դեմ են պայքարում: Տեղեկությունները փորձեցինք ճշտել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից, ով, սակայն, այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ՀՐԱՅՐԸ «ԿՐԱԿ Է ԿՏՐԵԼ»
ՀՀ արդարադատության նախկին նախարար, այժմ` ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը բավականին ծանր է տանում իրենց կառավարության հրաժարականը, եւ չնայած դրանից անցել են ամիսներ, բայց չի հաշտվում այդ մտքի հետ: Այս հանգամանքը ակնհայտ դարձավ երեկ, երբ սահմանադրական փոփոխությունների իրազեկման շրջանակներում նրանք մեկնել էին Շիրակի մարզ: «Կրթություն, գիտություն, տնտեսություն. իրականում կապ չունի այս ոլորտների հետ նախագահը, բայց կապ ունի. դուրս է գալիս՝ որը լավն է` իրենց շնորհքն է, որը վատն է` ամեն ինչ բարդում են մի մարդու գլխին, տվյալ դեպքում` վարչապետի, եւ փորձում ազատվել նրանից»,-երեկ հայտարարել է Թովմասյանը: Այս խոստովանությունը, թերեւս, պատահական չէ եւ մատնում է Թովմասյանի հոգեվիճակը: Առավելեւս, երբ նա ԱԺ-ում իրեն զգում է խորթ միջավայրում:
ՕԵԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Դեռեւս 2012թ. «Օրինաց երկիր» կուսակցության Դավիթաշենի տարածքային կառույցի ղեկավար «Մազդա» եւ «Սուզուկի» մեքենաների՝ Հայաստան ներկրող «Ռոյալ մոթորս» եւ «Թոփ մոթորս» ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար Միսակ Սարգսյանը լքել էր կուսակցությունը: Նա իր քայլը բացատրել էր հետեւյալ կերպ՝ հասկացել է, որ դա իրենը չէ: Սակայն, ըստ տեղեկությունների, գործարարը խիստ հիասթափվել էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսակցությունից հեռանալ հնարավորինս «անաղմուկ»: Սակայն դրանից հետո գործարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 10-ին գործարարը տուգանվել է ՊԵԿ-ի կողմից 100.000 դրամի չափով: Պատճառը եղել է Հայաստան ներմուծած ապրանքային կատալոգները, որը գործարարն այդպես էլ սահմանված ժամկետում չի հայտարարագրել: