«Օրինաց երկիր»-ն այսօր պատրաստվում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել: Իսկ առիթը էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն է:
Դժվար չէ կռահել, թե ինչ է սպասվում այսօրվա հանրահավաքում. բազմակի անգամ իրենց ընդդիմադիր հռչակած ՕԵԿ-ականներն իրար հերթ չտալով բոցաշունչ ելույթներ են ունենալու, քննադատելու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, մի քանի թթու խոսք էլ կասեն իշխանությունների մասին, բայց ոչ մի բառ՝ Սերժ Սարգսյանի հասցեին: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կորակեն ժողովրդին թալանել ու կեղեքում: Իսկ թե ո՞վ է թալանողն ու կեղեքողը, թե ո՞ւմ գործողությունների արդյունքում է նման իրավիճակ ստեղծվել, բնականաբար` ոչ մի խոսք: Դժվար չէ կռահել` ամենասուրը կլինեն Արթուր Բաղդասարյանի ու Հեղինե Բիշարյանի ելույթները, ընդ որում` սուր ոչ միայն բովանդակությամբ, այլեւ` ձայնի ելեւէջների վայրիվերումների առումով: Եվ վերջապես` կհայտարարվի, որ ՕԵԿ-ը եկել է փրկելու ժողովրդին` վերահաս աղետից: Կարճ ասած` հերթական թատերական ներկայացումը` հայտնի վերջաբանով:
Միայն թե, ողջ հարցն այն է, որ այսօր էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից դժգոհում է մի կուսակցություն, որը մինչեւ վերջերս իշխող կոալիցիայի անդամ էր, եւ վեց տարի շարունակ, լինելով իշխանության ներսում, իր գործողություններով նպաստել է իշխանությունների քայլերին: Ավելին՝ էլեկտրաէներգիայի սակագները մեկ տարվա ընթացքում թանկացել են երկու անգամ` նախորդ տարվա ամռանը ՀԿԾՀ որոշմամբ բարձրացան գազի ու էլեկտրաէներգիայի սակագները, եւ այս տարի: Սակայն նախորդ տարի ՕԵԿ-ը որեւէ ծպտուն չհանեց, որեւէ հանրահավաք չհրավիրեց, թեեւ` սակագների բարձրացումը կտրուկ էր ու հետեւանքների առումով` ավելի ցավոտ:
Ընդհակառակը, այդ ամենից հետո ՕԵԿ-ը 2013թ. տարեվերջին մասնակցեց ու կողմ քվեարկեց ՌԴ-ի հետ գազային վասալային համաձայնագրերի վավերացմանը: Ընդ որում, հարկ է նկատել, որ այդ հանգամանքն ինքնին լրջագույն դեր խաղաց էներգետիկ ոլորտում այսօր տիրող վիճակին, եւ այդ համաձայնագրերով «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տրված անսահման արտոնություններն են պատճառը, որ այսօր էլեկտրաէներգիայի գինը նորից է փոխվել: Այնպես որ, նրանք այսօր որքան էլ «կոկորդիլոսի արցունքներ» թափեն, միեւնույն է՝ հասարակությանը չեն կարողանա համոզել իրենց անկեղծության մեջ: Ի սկզբանե էր պետք ազնիվ լինել ժողովրդի հետ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ