Իր պաշտոնավարման սկզբնական փուլում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ մարզերում առկա տարատեսակ խնդիրներին ծանոթանալու նպատակով կառավարության արտագնա նիստեր էր անցկացնում մարզերում: Թե որքանով էր դա արդյունավետ, դժվար է ասել, սակայն դատելով այն փաստից, որ կարճ ժամանակ անց արտագնա նիստերի նորամուծությունը մոռացության մատնվեց, թերեւս կարելի է ասել, որ դրա արդյունավետությունը բարձր չէր: Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս կարեւորում է մարզերում առկա խնդիրներին տեղում ծանոթանալը, սակայն նպատակահարմար է համարում դա անել կառավարության անդամների անհատական այցերով: Կառավարության հուլիսի 3 -ի նիստում նա հայտարարեց, որ բոլոր նախարարները պետք է պարբերաբար այցելեն մարզեր, եւ այդ նպատակով առաջիկայում պետք է իրեն ներկայացվեն այդ այցելությունների գրաֆիկները:
«Մենք պետք է պարբերաբար այցելենք մարզեր, խորհրդակցություններ անցկացնենք, նաեւ շփվենք մարդկանց հետ, որպեսզի հասկանանք՝ ինչից են գոհ մեր քաղաքացիները, ինչն է նրանց մտահոգում: Մարզերի բնակիչները պետք է իմանան, որ կառավարությունը կանգնած է իրենց թիկունքին, որ մենք ականջալուր ենք լինում իրենց խնդիրներին եւ փորձում լուծումներ գտնել»,-հայտարարեց վարչապետը` մարզային այցելությունների համակարգումը հանձնարարելով ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է կառավարության անդամների հետ, պարզելու՝ արդյոք նրանք ՀՀ վարչապետի հանձնարարությունը կատարո՞ւմ են:
ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարոն Մանուկյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր պարբերաբար մարզային այցելություններ անել: Դուք կատարո՞ւմ եք վարչապետի հանձնարարականը:
-Ես պլանավորել եմ կամ այս կիրակի, կամ հաջորդ կիրակի գնալ մարզ:
-Իսկ արդեն որոշվա՞ծ է, թե որ մարզ եք գնալու:
-Երեւի Վայոց ձորից կսկսեմ:
-Ինչո՞ւ եք նախընտրել այդ մարզը, ի՞նչ հրատապ խնդիրներ կան այնտեղ:
-Ես գնում եմ այնտեղ արդարադատության ոլորտի` դատական ակտերի հարկադիր կատարման, նոտարական համակարգի հարցերով: Այսինքն՝ պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչի համար պետք է գնալ մարզ: Երբ վարչապետը հանձնարարական էր տվել նախարարներին, դա չէր նշանակում, որ նախարարը պետք է ուղղակի գնա մի մարզ, որտեղ իրեն չվերաբերող հարցեր կան: Պետք է գնա զբաղվի այն հարցերով, որտեղ ինքը կոնպետենտ է, որտեղ ինքը խնդիր ունի լուծելու: Եթե ես գնամ գյուղատնտեսական հարցերով զբաղվեմ, ապա ինչպե՞ս կարող եմ օգուտ տալ Տավուշի կամ, ասենք, Վայոց ձորի մարզի բնակիչներին: Ես պետք է իմ մասով գնամ մարզ, ինձ վերաբերող հարցերով զբաղվեմ: Բնականաբար ես, որպես ՀՀ կառավարության անդամ, պետք է լսեմ ժողովրդի ցանկացած հարց, որովհետեւ հետո ես կարող եմ իմ ինֆորմացիան բերել ու իմ գործընկերներին ներկայացնել, քննարկել այդ հարցերը:
-Այսինքն՝ Վայոց ձորն այն մարզն է, որտեղ արդարադատության հետ կապված լուրջ խնդիրնե՞ր կան:
-Հերթականությամբ իմ աշխատակազմը սահմանել է առաջնահերթությունները, եւ, այո, Վայոց ձորում կան խնդիրներ, բայց մյուս մարզերում եւս կան:
ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
-Պարոն Գրիգորյան, ՀՀ վարչապետը հանձնարարել է պարբերաբար այցելել մարզեր, շփվել տեղի բնակիչների հետ: Ե՞րբ եք ձեռնամուխ լինելու այդ հանձնարարականի կատարմանը:
-Ես բոլոր մարզերում էլ իմ այցելությունները շարունակելու եմ ու մի քանի մարզերում արդեն եղել եմ, իսկ առաջիկայում էլ նախապատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ:
-Սյունիքի մարզում ի՞նչ առաջնային խնդիր եք տեսնում, որի լուծման նպատակով էլ պատրաստվում եք մեկնել այդտեղ:
-Բոլոր տարածքներում էլ մենք ունենք խնդիրներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնենք, այդ թվում նաեւ Սյունիքում ունենք որոշակի խնդիրներ: Սյունիքի մարզում մեր համապատասխան աշխատակիցների հետ ունենք աշխատանքային հանդիպում, որը միասնական կանենք:
-Տավուշի մարզի գյուղերում մթնոլորտն ավելի լարված է, քանի որ գրեթե ամեն օր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը ենթարկվում են գնդակոծության: Այնտեղ գնալը, բնակիչներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելն ավելի հրատապ չէ՞:
-Ես Տավուշի մարզ գնացել եմ, ընդհանրապես ճիշտ կլինի, որ կառավարության յուրաքանչյուր անդամ հաճախակի լինի մարզերում: Այդ այցելությունները հնարավորություն են տալիս շատ ավելի մոտիկից, շատ ավելի ակտիվ ու անմիջական կերպով խնդիրներին լուծում տալ: Դա շատ արդյունավետ է, ողջունելի է վարչապետի որոշումը:
Հ.Գ. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ հայտարարեց, թե ինքն այսօր առավոտյան մարզ է մեկնելու, բայց ասաց, որ պետք է գրաֆիկը նայի, որպեսզի ասի, թե կոնկրետ որ մարզ է մեկնելու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ