ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Ժառանգություն» կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ կուսակցությունում հիմնականում «գործող» երեք մարդ է մնացել՝ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը ու Զարուհի Փոստանջյանը, ովքեր էլ ամեն գնով պայքարում են, թե ով իրենցից կլինի կուսակցությունում «ասողը»: Մեր տեղեկություններով՝ պայքարը այժմ սրվել է, քանի որ Փոստանջյանը ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, նպատակ ունի կրկին ղեկավարել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը: Տեղեկացանք նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն ու Հովսեփ Խուրշուրդյանն այդ ամենի պատճառով որոշել են ընդհանրապես ձեռքերը «լվանալ» ու կուսակցության աշխատանքներին չխառնվել: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ա. Մարտիրոսյանից, ով ասաց, թե տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ
Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրավոր հարցեր էր ուղղել ԼՂՀ ՊԲ ղեկավար Մովսես Հակոբյանին` Քարվաճառում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Մասնավորապես նշել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հուլիսի 8-ից լուրեր էին շրջում, որ 4 ադրբեջանցի (որոշ տեղեկություններով՝ 3 տասնյակ) առանց լուրջ դիմադրության հանդիպելու մտել են Քարվաճառի տարածք, այնտեղից իջել Վարդենիս եւ մեկ ամսից ավելի մնացել շրջակա գյուղերում: Խնդրել էինք տեղեկացնել՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս լուրերը. իրականում քանի՞ դիվերսանտ է մուտք գործել Հայաստան եւ ի՞նչ գործողություններ են իրականացրել: Նշել էինք նաեւ, թե հաշվի առնելով այն իրողությունը, որ արդեն 3-րդ դիվերսանտն է վնասազերծվել, կարելի՞ է պնդել, որ վերը նշված տեղեկությունը ամենեւին էլ չափազանցված չէ: Խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե ի՞նչ պայմաններում են դիվերսանտները հայտնվել ՀՀ տարածքում, ո՞վ (կամ ովքե՞ր) են այդ իրավիճակի պատասխանատուն: Փորձել էինք պարզել նաեւ (նախորդ օրերի կտրվածքով), թե ադրբեջանցի դիվերսանտների հետ կարող էր առնչություն ունենալ Քարվաճառից անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանը: Մ. Հակոբյանը պատասխանել է. «Դիվերսանտները եղել են 3 հոգի: ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում խմբի ղեկավարն ու անդամներից մեկը ձերբակալվել են, մյուսը ցույց է տվել զինված դիմադրություն եւ սպանվել: Սմբատ Ցականյանի սպանության գործի հետ կապված ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տարվում է նախաքննություն, որի արդյունքները կհրապարակվեն ժամանակի ընթացքում»: Այսինքն՝ գրեթե այն, ինչը «Ժողովուրդ»-ը գրել էր դեռ մինչեւ այդ՝ իրազեկելով հանրությանը, որպեսզի խուճապային վիճակ չստեղծվեր Վարդենիսի ազգաբնակչության մեջ: