Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով լայն թափ ստացած Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: ԱՄՆ-ն իր հերթին, ԵՄ-ն իր հերթին որոշել են ընդլայնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը, ինչին Մոսկվան բավականին կոպիտ է հակադարձել:
Նախ` չորեքշաբթի օրը, ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել ՌԴ նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում: Այսուհետ, «սեւ ցուցակում» կհայտնվեն ռուսական այն ընկերությունները, որոնք ինչ-որ կերպ աջակցել են Կրեմլին Ուկրաինայի դեմ պատերազմում: Ավելին՝ ինչպես նշված է ԵՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, հնարավոր է` այս պատժամիջոցները վերաբերեն նաեւ անհատների, ովքեր ակտիվորեն ֆինանսական աջակցություն են ցուցաբերել: Բացի այդ, «Ներդրումային ու Վերակառուցման եւ զարգացման» եվրոպական բանկերը պատրաստվում են փակել ՌԴ-ում իրենց նոր ծրագրերը, կհետաձգվի նաեւ ՌԴ-ին նախատեսված Եվրոպական հանձնաժողովի՝ 450 միլիոն եվրո վարկը: Իր հերթին, ԱՄՆ-ը փակել է ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն ամերիկյան ֆինանսական շուկաներ: Ընդ որում, ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» են հայտնվել «Ռոսնեֆտ»-ը, «Գազպրոմբանկ»-ը, որոնք գործում են նաեւ Հայաստանում: «Սեւ ցուցակում» են նաեւ իր մեծությամբ երկրորդ գազային ընկերությունը` «Նովատեկ»-ը, «Վնեշէկոնոմբանկ»-ը: «Մենք միշտ նախընտրել ենք այս հարցը դիվանագիտորեն լուծել, բայց պետք է կոնկրետ քայլեր տեսնեինք Ռուսաստանի կողմից ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար: Առայժմ Ռուսաստանը չի հաջողել այդ հարցում եւ, փաստորեն, շարունակում է աջակցել Ուկրաինայի անկախությանը վնասող անջատողականներին», – հայտարարել է Օբաման:
Տեղի ունեցածը, բնականաբար, սուր արձագանք է ստացել ՌԴ-ում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է ԱՄՆ-ին` հայտարարելով, թե պատժամիջոցները բումերանգի էֆեկտ են ունենում եւ կվատթարացնեն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները: Իսկ ՌԴ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունն իր հռետորաբանությամբ նմանվում է խորհրդային ժամանակների բառապաշարին: «Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը համարում ենք վրեժի պրիմիտիվ փորձ այն բանի համար, որ Ուկրաինայում իրադարձությունները չեն զարգանում Վաշինգտոնի սցենարով։ Ներքին խոր ճգնաժամի եւ զոհերի հանգեցրած հարեւան երկրի քաղաքացիական պատերազմի մեղքը Ռուսաստանի վրա բարդելու վրդովեցուցիչ եւ չհիմնավորված փորձը վկայում է ԱՄՆ-ի ռազմավարության ձախողման մասին: Ուկրաինական ղեկավարությանը խելքի բերելու փոխարեն, Սպիտակ տունն արյունահեղություն է հրահրում: Ավելին՝ ցինիկաբար փորձելով իր վրայից գցել պատասխանատվությունը եւ կոպտորեն խեղաթյուրելով փաստերը` կրկին սկսել է ճոճել իր սիրելի զենքը` պատժամիջոցային մահակը: Մեկ անգամ չէ, որ ասել ենք` Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսելը, ինչ մասշտաբի էլ որ դրանք լինեն, անիմաստ է: Այդպիսի ճանապարհը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Հայտնի է, որ պատժամիջոցները երկսայրի գործիք են»,- ասված է հայտարարության մեջ:
Ընթացող զարգացումները հիշեցնում են խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ի ու Արեւմուտքի միջեւ առկա սառը պատերազմը, եւ եթե իրադարձություններն ընթանան այս տեմպերով, ապա կրկին կարող է կախվել երկաթյա վարագույրը: Նկատենք, որ Արեւմուտք-ՌԴ հարաբերություններն իրենց հետեւանքները կունենան նաեւ տարածաշրջանի վրա, մանավանդ, երբ Վրաստանը բռնել է եվրաինտեգրացիայի ուղին, իսկ Հայաստանը` վերջին բոլշեւիկի ջանասիրությամբ ընթանում է ԵՏՄ: Մյուս կողմից, ինչպես հայտնի է, Հայաստանի էներգետիկ համակարգը գտնվում է ռուսական ընկերությունների ձեռքում: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» ռուսական էներգետիկ եւ այլ ընկերությունների հայտնվելը կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ Հայաստանի տնտեսության վրա:
Ի դեպ, այսօր այդ մասին խոստովանում են նաեւ հայ պաշտոնյաները: Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է. «Կարծում եմ, ինչ-որ բացասական ազդեցություն այդ պատժամիջոցները մեզ վրա կարող են ունենալ»: Միայն թե, Ճշմարիտյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հետեւանքների մասին է խոսքը: Ավելին՝ Ճշմարիտյանը չի մանրամասնել նաեւ, թե իշխանություններն ի՞նչ են անում այդ հետեւանքները մեղմելու համար, եւ ընդհանրապես` այսքանից հետո, որքանո՞վ է նպատակահարմար դեպի ԵՏՄ գնալը, մանավանդ, եթե Սերժ Սարգսյանը պնդում է «եւ-եւ»-ի սկզբունքի մասին, բայց թե նման դեպքերում ինչպես է իրականացվելու «եւ-եւ»-ի սկզբունքը, մնում է միայն կռահել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ