ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներկայիս Հայաստանում բոլոր չափաբաժինները խառնված են. կծու, թթու, լեղի: Մեր խմբակցությունն է, որ որոշ համ է տալիս այդ խոհանոցին, բայց դա էլ քիչ է, էլի… Մեր խմբակցությունը դառնանուշ համ է տալիս ներքաղաքական կյանքին»:

Աղվան Վարդանյան News.am

ՀՅԴ-ն, ինչ խոսք, քաղաքական դաշտին համ տալիս է, սակայն դա շատ փոփոխական համ է: Ամեն դեպքում անուշ համերի շարքում ՀՅԴ-ի համը չի դասվի, քանի որ իրար հաջորդող ճամբարափոխություններն ու «կողմ ըլլալով դեմ ըլլալը» սովորաբար իրենց հետեւից դառը եւ լեղի համեր են թողում: Օրինակ, եթե ՀՀԿ-ականներին դալաններում ծեծելու մասին խոսող պատգամավորը գնում է դեսպան իրենց իսկ կողմից մշտապես քննադատության ենթարկված գործչի ենթակայության տակ աշխատելու, ապա այստեղ ոչ մի անուշ համ լինել չի կարող, ոչ էլ ընդդիմությունից կոալիցիա, կոալիցիայից՝ ընդդիմություն դառնալուց հետո:

 

«Նրանք բոլորը պաշտպանված են օրենքով: Եթե լավ են աշխատում ու չեն թերանում՝ կմնան»:

Հրայր Թովմասյան ՀԺ

Եվ հիմա ԱԺ աշխատակազմի ղեկավարը պետք է համոզի, որ ինքը ԱԺ-ում կադրային ջարդ չի իրականացնում եւ աշխատանքից ազատումները զուտ թերացման հետեւանք են: Բայց չէ՞ որ արդարադատության նախկին նախարարը քաջատեղյակ է ներհամակարգային դրվածքից, ըստ որի՝ յուրաքանչյուր գերատեսչությունում նոր ղեկավարների հայտնվելու դեպքում կադրային ջարդ իրականացնելը գրեթե օրինաչափություն է դարձել: Այնպես որ, ավելի հավանական է, որ ԱԺ-ում կմնան ոչ թե լավ աշխատողները, այլ նրանք, ովքեր ըստ Հրայր Թովմասյանի՝ «ղալաթ» չեն անում, իսկ աշխատանքից ազատվածներն էլ հավանաբար «ղալաթ» անողներն են:

 

«Եղել է 20-25 տոկոս ստվեր: 20-25 տոկոսը ես համարում եմ չափավոր ստվեր: Իսկ չափավոր ստվերը… ծախսեր կան, որոնք դու չես կարողանում անել, որը վնասում է քո տնտեսությանը: Այդ ստվերով կարողանում ես հոգալ: Իսկ հիմա դա չկա»:

Հակոբ Հակոբյան «Առավոտ»

Այսինքն՝ ՀՀԿ-ական պատգամավոր եւ «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը (մականունը Պիվի Հակոբ) կո՞ղմ է ստվերին: Համենայնդեպս, իր խոսքերից դա է բխում, որ գործարարը նեղվում է օրինական դաշտում աշխատելուց, ինչ-որ ծախսերի մասին է խոսում, որոնք պետք է հոգալ, սակայն անհասկանալի է, թե ինչ ծախսեր են: Երեւի խոսքը գերշահույթների մասին է, որը հիմա արդեն դժվար է ստանալը: Բայց ոչինչ, Հակոբ Հակոբյանը, միեւնույն է, աղքատ մարդ չէ, եւ առանց գերշահույթների էլ վատ չի ապրի, եւ հուսով ենք՝ կընդունի վարչապետի հրահանգը, միայն թե գարեջրի որակը դրանից չտուժի:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս