Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության, Աթլետիկայի եւ ձմեռային մարզաձեւերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն Սարգիս Չիլինգարյանը, պարզվում է, այնքան էլ չի փայլում մայրենիի իմացությամբ: Մեր իրականության մեջ ոչ այնքան գրագետ պաշտոնյայի կերպարն այլեւս չի սարսափեցնում ոչ ոքի, բայց առնվազն զարմանալի է, որ երկարատեւ պաշտոնավարման ընթացքում նա նույնիսկ նեղություն չի կրել ինչ-որ մեկից ճշտել՝ ինչպես է կոչվում իր իսկ ղեկավարած հիմնարկը, ուր մնաց անվանման գրությամբ հետաքրքրվեր:
Հայոց լեզվի ուղղագրություն-ուղղախոսություն չիմացող տնօրենը մարզադպրոցի աշխատակիցներին ուղարկած նամակների ծրարների հասցեական մասում իր ձեռքով նշել է մարզադպրոցի անվանումը՝ թույլ տալով միաժամանակ մի քանի ուղղագրական սխալ՝ «աթետիկայի», «աթլետիկաի», «մարզաձեվերի», «ձմեռաին» բառերի մեջ:
Եթե դպրոցում գործող մարզաձեւը նշող աթլետիկա բառը ծրարներից մեկի վրա նշված է ճիշտ ուղղագրությամբ (միգուցե այստեղ է շփոթվել Չիլինգարյանը), ապա ձմեռային բառը, ըստ նրա գրագրության, բացառապես առանց «յ» կիսաձայնի է՝ ձմեռաին:
Իր կողմից թույլ տրված ուղղագրական սխալների վերաբերյալ Սարգիս Չիլինգարյանը հետեւյալ պարզաբանումը տվեց. «Սխալ ա՝ տարեք մի հատ դասախոսի մոտ, թող թվանշան դնի, ինձ էլ քննությունս 2 նշանակի կամ եսիմ ինչ անի: Ի՞նչ եմ արել, հանցա՞նք եմ կատարել, տարեք ոստիկանություն: Տառասխալ եմ արել, ոչինչ, ինչ անենք, աշխա՞րհ եմ քանդել»:
ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
Վանաձոր