ՀԱՐՑ. Աշխատանքային պայմանագիրը լուծելու ժամանակ ինձ չեն վճարել 3 տարվա չօգտագործված արձակուրդի համար նախատեսված դրամական հատուցումը (1999-2002թթ.): Ուզում եմ իմանալ` աշխատանքային պայմանագիրը լուծելու ժամանակ չօգտագործված արձակուրդի համար դրամական հատուցում վճարվում է, թե ոչ: Խնդրում եմ պարզաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածը.
ՊԱՏԱՍԽԱՆ. Հոդված 170, 1-ին կետ. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետեւանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
Հոդված 170, 2-րդ կետ. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Օրենքի 1-ին մասի համաձայն` եթե Դուք պետք է արձակուրդ գնաք, ապա Ձեր գործատուն չի կարող ասել, որ Դուք չգնաք արձակուրդ եւ ստանաք գումար դրա դիմաց: Սակայն սա չի նշանակում, որ պայմանագիրը լուծելու ժամանակ գործատուն ազատվում է չօգտագործված արձակուրդի համար դրամական հատուցումը վճարելուց: Տվյալ դեպքում, երբ նախկինում (1999-2002թթ.) չօգտագործված ամենամյա արձակուրդի մասին է խոսքը, քաղաքացին պետք է կարողանա ապացուցել, որ չի օգտագործել ամենամյա հանգստի հնարավորությունը, եւ այդ դեպքում գործատուն պարտավոր կլինի վճարել, որովհետեւ վաղեմության ժամկետը չի կարող ազդել ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարելու վրա, քանի որ օրենքի 2-րդ մասի վերջում ասվում է, որ հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, թե ինչու է քաղաքացին աշխատանքից ազատվելուց ուղիղ 10 տարի անց փորձում ճշտել իր իրավունքներն ու պարտականությունները: Ուզում ենք հուսալ, որ մարդիկ ավելի հետեւողական են դարձել նման հարցերում, ու դժվարն էլ հեշտացել է: