ԺԱՄԿԵՏԱ՞ՆՑ, ԹԵ՞ ԹԱՆԿ ԴԵՂԵՐ. ՈՐ՞Ն Է ՆԱԽԸՆՏՐԵԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը սկսել է հատուկ մեխանիզմների մշակում, որոնք կզսպեն Հայաստանում դեղերի թանկացումն այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնի դեղերի դրոշմապիտակավորման մասին օրենքի փոփոխությունը: Մինչդեռ դեղ արտադրողների միության գործադիր տնօրենը հակառակն է պնդում:

Հիշեցնենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, 2014 թ. հոկտեմբերի 1-ից ներկրվող դեղերը պարտադիր պետք է դրոշմավորվեն: Ի դեպ, ՀՀ կառավարությունն օրենքում այս փոփոխությունը մշակել է առանց տնտեսվարողների հետ քննարկելու: Հիշեցնենք, որ դեղ արտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո այն լուրջ խնդիրներ կառաջացնի դեղորայք ներմուծողների մոտ, քանի որ խոշոր ներմուծողները ստիպված են լինելու 3000 քմ-ից ավելի տարածք հատկացնել դրոշմավորման պահեստների համար, որոնք պետք է հատուկ համապատասխանեն ԱՀԿ-ի եւ միջազգային չափանիշներին:
Ներմուծվող տարեկան 200 մլն փաթեթվածքից ավելի դեղամիջոցները պետք է դրոշմավորվեն ձեռքով: Իսկ դա, մասնագետի համոզմամբ, ռիսկային է, քանի որ դեղերի փաթեթները, սրվակները կվնասվեն: Նա նշեց նաեւ խնդրի սոցիալական կողմը, որ հաճախորդները մեծամասամբ ի վիճակի չեն լինում ամբողջական տուփով գնել դեղը, պահանջում են հատով վաճառել, իսկ օրենքն էլ պարտադրում է, որ օտարվող դեղամիջոցը պարտադիր դրոշմավորված լինի: Ինչի հետեւանքով դեղերի գները կթանկանան, որն էլ սպառողների մոտ լարվածություն կառաջացնի:
Երեկ, ՀՀ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ հանդիպմանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը փոխանցեց, որ նախարարությունը մտահոգված է այս հարցով եւ քայլեր է ձեռնարկում այս հարցին լուծումներ գտնելու ուղղությամբ: «Տեխնիկական հարցերի շուրջ մենք կարող ենք ավելի առարկայական խոսել, երբ մեզ մոտ պատրաստ կլինի այդ ընթացակարգը: Հատուկ ժամկետներ, վայրեր է հատկացվելու, մարդիկ, որոնք պետք է այդ աշխատանքները իրականացնեն»,- հայտարարեց նախարարը:
Իհարկե, ժամկետանց դեղերը, որոնք հաճախ պատահում են դեղատներում, կամ ինչպես վերջերս հայտնաբերել էին ՄԻՊ աշխատակիցները` այցելելով հոգեբուժական հաստատություններ, վտանգավոր են մարդկանց կյանքի եւ առողջության համար: Բայց մյուս կողմից էլ, եթե այս փոփոխությունները բերելու են դեղորայքի թանկացման, ապա միեւնույն է՝ այս անգամ էլ այն մատչելի չի լինելու սոցիալապես անապահով խավի համար ու կրկին տուժելու են մարդիկ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս