Ավելի լավ կլիներ՝ ցմահ տային եղբորս որդուն. Վարդան Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որ այդպես են ասում, ճիշտ են ասում: Բա 17 տարին ի՞նչ է: Թող ցմահ տային: Հա, ավելի լավ կլիներ, որ ցմահ տային»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր եղբորորդու` Վահե Ղուկասյանի դատավճռին:

Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  Վահե Ղուկասյանին ապօրինի զենք կրելու եւ սպանության համար դատապարտել է 17 տարվա ազատազրկման: Դատական վերջին նիստին, սակայն, մեղադրող դատախազը որպես պատիժ Ղուկասյանի համար պահանջել էր 22 տարվա ազատազրկում, մինչդեռ դատարանը վճռեց Ղուկասյանին դատապարտել 17 տարվա ազատազրկման: Գյումրիում տեսակետ կա, որ այդպես դատարանը շատ մեղմ վերաբերմունք է ցուցաբերել Ղուկասյանի նկատմամբ, մանավանդ որ փոխհրաձգությունը տեղի էր ունեցել հասարակական վայրում` շատերի կյանքի համար վտանգավոր իրավիճակ ստեղծելով:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին, երբ Գյումրիում հնչած կրակոցների հետեւանքով Արտյոմ Կարապետյանը, ով հայտնի էր Շեկո  անվանմամբ, մահացել էր, իսկ «Քավոր Հարութ» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը՝ վիրավորվել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անդրադառնալով հարցին՝թե ինչո՞ւ է նա այդպես արտահայտվում, քաղաքապետը պատասխանեց. «Որ դուք ուրախանայիք»: Իսկ մյուս հարցին էլ` երեկ ինքը հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել է Գյումրիում գտնվող վարչապետի հետ հանդիպելու եւ իր եղբորորդու մեղադրանքը մեղմելու համար, նախկին քաղաքապետն ասաց՝ նման բան չկա:  Հիշեցնենք, որ տարիներ առաջ փոխհրաձգության ժամանակ մարմնական վնասվածքներ հասցնելու համար դատապարտվել էր նաեւ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ով մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո վաղաժամկետ ազատ արձակվեց: Այն ժամանակ պատմում էին, որ Սպարտակ Ղուկասյանը բանտում ապրում էր շատ ճոխ եւ արտոնյալ պայմաններում, ավելի ճոխ, քան շատերն ազատության մեջ: Ենթադրվում է, որ նույն կերպ իր պատիժը կկրի նաեւ Վահե Ղուկասյանը:

Լուսանկարը՝ hetq.am-ի




Լրահոս