Տրամաբանական է, որ 1998թ-ին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող վրիպել դիվանագիտական շրջանակների ուշադրությունից: Ուստի պատահական չէ, որ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալու ու դրա հնարավոր հետեւանքների մասին ԱՄՆ Կոնգրեսում համապարփակ վերլուծություն է իրականացվել, ինչն էլ հրապարակայնացվել է «Վիկիլիքս»-ի շնորհիվ: Փաստաղթղի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Կարոլ Միգդալովիչն է, ով այս ուսումնասիրության մեջ քննարկում է իշխանափոխության հետեւանքները, դրա ազդեցությունը ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Ուշագրավ է ԱՄՆ պետական բարձրագույն մարմինների վերաբերմունքն իշխանափոխության ու հատկապես Քոչարյանի՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հեղինակը տեղեկացնում է, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականին հետեւած արտահերթ ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել 1998թ. մարտի 16-ին, որի ընթացքում 12 թեկնածուներից հիմնականներն էին Ռոբերտ Քոչարյանը, 1996թ. նախագահի ընտրությանը պարտված Վագզեն Մանուկյանն ու Կարեն Դեմիրճյանը, ով 1974-88թթ. ղեկավարել է կոմունիստական Հայաստանը, իսկ պաշտոնաթողությունից հետո նախընտրել քաղաքականապես պասիվ կենցաղավարությունը: Կոնգրեսի փորձագետը նկատում է, որ թեկնածուներից ոչ ոք չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը, ուստի անցկացվել է երկրորդ փուլ Կ.Դեմիրճյանի ու Ռ.Քոչարյանի մասնակցությամբ` նույն թվականի մարտի 30-ին: Ամերիկացիները Դեմիրճյանի՝ մեծաքանակ ձայներ ստանալու փաստը բացատրում են այն հանգամանքով, որ իբր հայ հասարակությունը տարված էր տնտեսական եւ մյուս բնագավառներում անցյալի կայուն հարաբերությունների նոստալգիայով:
Արձանագրելով երկրորդ փուլի արդյունքը՝ Միգդալովիչը փաստում է, որ Քոչարյանը ստացել էր 59,49 %, իսկ Դեմիրճյանը՝ 40,51 %: ԵԱՀԿ ուղարկած դիտորդները ղեկավարվել են ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեմ Բրաունի կողմից: Նախնական զեկույցի համաձայն՝ ընտրական գործընթացն, ի համեմատություն 1996թ., «ժողովրդավարության հաստատման ուղղությամբ մեկ քայլ առաջ էր», թեպետ ուղեկցվել է խախտումներով, որոնք վերջնարդյունքի վրա ազդեցություն չեն ունեցել: Հեղինակը, սակայն, համեմատության համար հիշատակում է նաեւ վերջնական զեկույցի համապատասխան հատվածը, որով արձանագրվել է, որ 1996թ. ընտրությունը չի կարող լինել 1998թ. ընտրության գնահատման չափանիշ, քանզի այն չի համապատասխանել ԵԱՀԿ առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Զեկույցում բացակայում է նաեւ հստակությունը, թե ինչպիսի նշանակություն են ունեցել ընտրախախտումները եւ որքան է եղել դրանց ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա:
Փաստաթղթի հեղինակի ուշադրությունը գրավել են Քոչարյանի հայտարարությունները, ըստ որոնց՝ Հայաստանի տնտեսական դժվարությունների պատճառը միայն շրջափակումները չեն: Ըստ այդմ՝ կառավարությունը կենտրոնանալու է տնտեսական շինարարության վրա: Հատկանշական է, որ Քոչարյանը, կարելի է ասել, մասամբ կատարեց իր խոստումը, բայց երկրի տնտեսության զարգացման փոխարեն կենտրոնացավ սեփական բարեկեցության վրա, ինչի մանրամասն պատկերը ժամանակին ներկայացրել էին ռուսական պարբերականները: Ի դեպ, օտարերկրացիների ուշադրության կենտրոնում է եղել Քոչարյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանին էլեկտրաէներգիա մատակարարող երկիր: Ավելացնենք, որ Քոչարյանի հախուռն ջանքերով իշխանության եկած Սերժ Սարգսյանն ու իր կառավարությունը հաջողությամբ ավարտին հասցրին նաեւ այս խոստումը. այսօր Հայաստանը էլեկտրաէներգիա է ներկրում Վրաստանից:
Շարունակելով իրավիճակի ներկայացումը՝ Միգդալովիչը ներքաղաքական իրավիճակը որակում է որպես անկայուն ու փոփոխական: ՀՅԴ-ի՝ քաղաքական դաշտ վերադառնալու փաստին փորձագետը հակադրում է ՀՀՇ-ի՝ ստվերում մնալը: Անդրադառնալով նախկին իշխանությունների նկատմամբ նորերի վերաբերմունքին՝ փորձագետն արձանագրում է, որ «բացի Ղարաբաղի հիմնահարցից, Քոչարյանը Տեր-Պետրոսյանին չի քննադատել»:
Ամփոփելով զարգացումները՝ հեղինակը տեղեկացնում է, որ Քոչարյանի ընտրությամբ տարբեր շրջանակների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե խաղաղության հաստատման գործընթացը կասեցված է. «Բայց եւ այնպես, Տեր-Պետրոսյանի անկումն ու Քոչարյանի վերելքը ցույց տվեցին, որ առաջինի քաղաքականությունը ներքին աջակցություն մեծ մասամբ չուներ»: Հակադրվելով այս մոտեցմանը՝ փորձագետը նկատում է, որ հակամարտության լուծման գործում ոչ մի տեղաշարժ չկա, ուստի Քոչարյանի հայտարարությունները ոչ հետընթաց էին, ոչ էլ առաջընթաց: «Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա այստեղ խնդիրներն ավելի շատ են», քանզի նոր կառավարությունը հայտարարել է, որ երկխոսության մեջ պետք է ներառվի նաեւ Ցեղասպանության ճանաչման հիմնահարցը, ինչի հետ թուրքերը կտրականապես համաձայն չեն: «Սա հակադրության մեջ է Տեր-Պետրոսյանի մոտեցման հետ, ըստ որի՝ պատմությունը պետք է մի կողմ դնել եւ կենտրոնանալ ներկայիս հրատապ խնդիրների վրա»:
Ներկայացնելով ԱՄՆ բարձրագույն իշխանության մոտեցումները՝ Միգդալովիչը նկատում է, որ «Պետդեպը ընդունում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ իշխանափոխությունը տեղի է ունեցել սահմանադրական ճանապարհով: Սրան զուգահեռ Տեր-Պետրոսյանը համաձայնել էր Մինսկի խմբի առաջարկներին, որոնք ԱՄՆ կարծիքով՝ կառուցողական էին: Ամեն դեպքում, ԱՄՆ քաղաքականություն մշակողները, որոնք մտածում են ժողովրդավարության զարգացման մասին, ակնհայտորեն չօգնեցին Տեր-Պետրոսյանին, որպեսզի նա ներքին աջակցություն ստեղծի իր համար: Պետք էր քաջալերել Բաքվին, որպեսզի նա դրական քայլեր իրականացներ Հայաստանի նկատմամբ՝ ապացուցելու տեղի բնակչությանը, որ զիջումները կարող են դրական արդյունքի հանգեցնել եւ ոչ թե սպառնալ իրենց անվտանգությանը»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ