ԹԱԼԱՆԵԼ Է ՀԱՐԱԶԱՏ ՔԵՌՈՒՆ
Դիլիջանի բնակիչ, 1985 թ. ծնված Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել հարազատ քեռու տնից խոշոր չափերի գողության համար: Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. փետրվարի 19-ին գիշերել է քեռու՝ Աշոտ Թամրազյանի՝ Տավուշի մարզի Թեղուտ գյուղում գտնվող տանը, որտեղ խոսակցություններից տեղեկացել է, որ այդ ընտանիքի անդամները հաջորդ օրվա երեկոյան բացակայելու են, եւ որ տանը եղած գումարը դրամապանակով պահվում է ննջասենյակի ներքնակի տակ: Նախապատրաստվելով գողության` նա փետրվարի 20-ի առավոտյան բացել է խոհանոցի պատուհանի փեղկը, նույն օրը կիսաբաց վիճակում գտնվող խոհանոցի պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք է գործել տուն եւ հափշտակել 150 հազար ռուսական ռուբլի՝ պատճառելով 1 միլիոն 729 հազար 500 դրամ նյութական վնաս: Ա. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Դիլիջանցուն այդ հոդվածով սպառնում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատական հերթական նիստը նշանակված է հուլիսի 24-ին:
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՄԻՋՈՎ
2006թ. Վրաստանի հետ սահմանի հսկողության համար հայ սահմանապահները փշալար են անցկացրել Տավուշի մարզի Դեղձավան գյուղի բնակիչներին պատկանող սեփականաշնորհված հողերի, գյուղի արոտավայրերի միջով: Դրա հետեւանքով արդեն 8 տարի 50 հա հող չի օգտագործվում: Դեղձավանի գյուղապետ Յուրիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ 50 հեկտարից 5 հեկտարը դեղձավանցիներին սեփականաշնորհված վարելահող է, իսկ 45 հեկտարը՝ համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր: Նախկինում վրաց սահմանապահների վագոն-տնակները տեղադրված էին հենց հայկական տարածքում, փշալարի կողքին: Գյուղապետի խոսքերով՝ 2012թ. վրաց սահմանապահներն իրենց վագոն-տնակներից մեկը տարածքից հանել են, իսկ մյուսը տեղակայման վայրից դեպի Վրաստան հետ են քաշել: Սակայն փշալարը դեռ ձգվում է նշված տարածքով, ինչի պատճառով դեղձավանցիները հնարավորություն չունեն օգտվել այդ 50 հեկտար տարածքից: Նշենք, որ 122 հեկտար վարելահող եւ 362 հեկտար արոտավայր ունեցող Դեղձավանի համար 50 հեկտարը մեծ կորուստ է: Մտահոգիչ է, որ հայ-վրացական սահմանազատումը տարիներ շարունակ ձգձգվում է, ինչի պատճառով Վրաստանին սահմանակից Դեղձավանի, Դեբեդավանի բնակիչներն իրենց տարածքներից օգտվելու հարցում խնդիրներ են ունենում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԻՐԱՔՈՒՄ ՀՀ ՀԱՄԵՍՏ ԴԵՍՊԱՆԸ
Հուլիսի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը: Պաշտոնը ստանձնելուց օրեր անց՝ հուլիսի 9-ին, Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ գույքի հայտարարագիրը: Ըստ այդմ` նա ունի մեկ ավտոտնակ եւ մեկ բնակարան: Բացի այդ` նա ունի երկու մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` MITSUBISHI MONTERO SPORT 3.0 եւ MITSUBISHI PAJERO 3500 մակնիշների:
Նրա հաշվին առկա միջոցները նշված են արտարժույթով, որն էլ կազմում է 43, 964 դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրության շնորհիվ նորանշանակ դեսպանը կարողացել է 12,328 դոլար գումար վաստակել: