Պետեկամուտների կոմիտեն օրեր առաջ հրապարակել էր 2014թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը: Առաջին երեք հարկատուների ցանկը փոփոխության չի ենթարկվել: Առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երկրորդում «Ղ-Տելեկոմն» է, երրորդում՝ «Ալեքս Գրիգ»-ը:
1000 խոշոր հարկատուների ցանկում են նաև Երևանում գործող պետական համալսարանները: 55-րդ հորիզոնականում 1.038.195 դրամ վճարած հարկերով գտնվում է ՄԽ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Վերջինից քիչ է ետ մնում Երևանի պետական համալսարանը: ԵՊՀ-ն գտնվում է 60-րդ հորիզոնականում և պետությանը վճարել է 986.376 դրամ հարկ: Համեմատության համար նշենք, որ «Երևան ջուր» ընկերությունը գտնվում է 52-րդ հորիզոնականում՝ 1. 137 .988 դրամ հարկով, իսկ «Ադամիում» ՍՊԸ-ն՝ 53-ում՝ 1.089.656 դրամով:
Մյուս բուհերն ակնհայտորեն զիջում են այս երկու բուհերին: Օրինակ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը 135-րդ տեղում է՝ 434.103 դրամ հարկով, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 163-ում՝ 338.255 դրամով, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ 185-րդ տեղ, 297.986 դրամ, Հայաստանի պետական ագրարային համալսարանը՝ 214-րդ տեղ, 260.807 դրամ, և Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը՝ 263 տեղ, 209.029 դրամ:
Կրկին որպես համեմատություն ներկայացնենք մի քանի խոշոր ընկերությունների վճարած հարկերի չափը: Օրինակ՝ 105-րդ տեղում է «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը՝ 603. 256 դրամ, իսկ 110-ում՝ «Արարատ Ցեմենտ»-ը՝ 560.032 դրամով: 121-րդ տեղում է գտնվում Երևանի Արարատ Կոնյակի-գինու-օղու կոմբինատը՝ 500.619 դրամ վճարած հարկով: