ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ ՓՆՏՐԵԼԻՍ
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի խոսքով՝ այս օրերին անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում փառատոնի բոլոր հյուրերն այցելում են կինոռեժիսորի տուն-թանգարան:
«Շատ հաճելի է նրանց տեսնել թանգարանում»,-լրագրողներին ասել է Զավեն Սարգսյանը:
Նշենք, որ Երեւանում անցկացվող «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովին՝ նրա 90-ամյակի կապակցությամբ:

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ` 40 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Հարավկորեացի ռեփեր PSY-ը իր «Gangnam Style» տեսահոլովակի շնորհիվ դարձել է ամենաբարձր վարձատրվող երգիչը Հարավային Կորեայում. տեսահոլովակը մեկ տարվա ընթացքում նրան 40 մլն դոլար եկամուտ է բերել։
Ընդ որում, տեսահոլովակը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել՝ ամրապնդելով առաջատարի իր դիրքերը «YouTube»-ում։ Համաձայն վիճակագրության՝ «Gangnam Style»-ը յուրաքանչյուր օր 2 մլն դիտում է ունենում։ Նշենք, որ «Gangnam Style» տեսահոլովակի շնորհիվ 2012-ին մոտ 8 մլն դոլար է վաստակել նաեւ «Google» ընկերությունը։

ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐ Է ՍԻՐՈՒՄ
Նյու Օռլեան Սեյնթս ամերիկյան ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան Ռեջի Բուշը, ով Քիմ Քարդաշյանի նախկին փեսացուն է եղել, շաբաթ օրն ամուսնացել է ամերիկահայ պարուհի Լիլիթ Ավագյանի հետ: 29-ամյա ֆուտբոլային աստղի եւ 26-ամյա Լիլիթի հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Սան Դիեգոյի «Grand Del Mar» հյուրանոցում: Նշենք, որ զույգը հանդիպում էր 2011 թվականից, իսկ 2013-ին ծնվել էր նրանց դուստրը՝ Բրիսեիսը: Շքեղ հարսանիքին ներկա են գտնվել հոլիվուդյան մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանի եղբայրը եւ քույրը:
Լիլիթ Ավագյանի ընտանիքը Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել 2001-ին, ինչից հետո Լիլիթը սկսել է պարով զբաղվել եւ դարձել է պրոֆեսիոնալ պարուհի: Նա հայտնի է դարձել «Պարեր աստղերի հետ» ամերիկյան հաղորդաշարին մասնակցելուց հետո:

ՋՐԱՅԻՆ ՏԻԶ ԴԱՐՁԱՎ
Մոնտենեգրոյի, Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի գիտնականների խումբը Պուերտո Ռիկոյում հայտնաբերել է նոր ջրային տզի տեսակ եւ այն կոչել երգչուհի Ջենիֆեր Լոպեսի անվամբ: Նախկինում կենդանական աշխարհին անհայտ ներկայացուցչին անվանել են «Litarachna lopezae»: Այն դուրս է բերվել 70 մ խորությունից՝ Պուերտո Ռիկոյում: Նման արտասովոր անվան պատճառը պարզ է. «Ջենիֆեր Լոպեսի նոր տեսահոլովակն ու երգերը լավ տրամադրություն էին ստեղծում մեր խմբի մոտ՝ հոդվածը գրելիս ու Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելիս»,-ասել է խմբի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ Ջենիֆեր Լոպեսը կատարել է մրցաշարի պաշտոնական երգը:

ԿՐԿԵՍԱՅԻՆ ՌԵՍՏՈՐԱՆ
Հունաստանի մայրաքաղաքում բացվել է կրկեսային թեմատիկ ռեստորան նրանց համար, ովքեր ցանկանում են ճաշելիս իրենց իսկական կրկեսային ներկայացման հանդիսատես զգալ: Այնտեղ գործնականում կա այն ամենը, ինչը սովորաբար կապվում է կրկեսի հետ՝ նկարված վագրի վանդակ, ձիեր, հայտարարություններ պատերին, կրկեսային կրակներ, կրկեսի գմբեթի տեսքով լամպեր եւ այլն:
Կարմիր ու դեղին գույները սրահի ներքին հարդարանքի հիմնական բաղադրիչն են եւ այցելուին տանում են ուրախության ու զվարճանքի յուրահատուկ աշխարհ:

 




Լրահոս