ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ոսկու գրավադրմամբ վարկ եմ վերցրել։ Այն ժամանակին չմարելու պատճառով ստացել եմ ծանուցագիր: Համաձայն եմ, որ գրավի առարկան բռնագանձվի առանց հավելյալ ծախսերի: Խնդրում եմ ասեք, հնարավո՞ր է այդպես անել, թե՞ ոչ:

Օնիկ Մանսուրյան (38 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
250-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով՝ հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով: 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի՝ գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Գրավառուի՝ գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով: Այսինքն՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու եւ այն իրացնելու համար կատարվում են գործողություններ, որի հետ կապված ծախսերը պահվում են իրացման արդյունքում ստացված գումարից:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս նման անախորժություններից խուսափելու միակ ելքն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի լինի հնարավորինս պարտաճանաչ եւ պատասխանատու։ Սակայն եթե անգամ դա ինչ-ինչ պատճառներով այդպես չէ, ինչպես մեզ դիմած քաղաքացու դեպքում, ապա նա, փաստորեն, կկորցնի իր գրավադրած ոսկեղենը, դրան գումարած էլ՝ կհայտնվի բանկերի «սեւ ցուցակում»՝ զրկվելով առաջիկայում բանկերի հետ որեւէ գործարք անելու հնարավորությունից:

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե անձը գրանցված է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, ապա նա քաղծառայության ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել:

Սուրեն Հակոբյան (29 տարեկան, ծառայող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորությունները. քաղաքացին իրավունք ունի դիմել քաղծառայության պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջները (կրթություն, աշխատանքային ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում) բավարարում է՝ անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբից:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե կոնկրետ սահմանափակումներ չեն գործում, ապա յուրաքանչյուր դիմող ազատ է իր պաշտոնն ընտրելու հարցում։ Իհարկե լավ է, որ քաղաքացիներին տրվում է ազատ կողմնորոշվելու հնարավորություն, բայց հարկ է նկատել, որ աշխատանքի անցնելը, այն էլ՝ պետական համակարգում, մեր օրերում դարձել է ծայրահեղ դժվար հարց։

 




Լրահոս