Երաժշտական հանրագիտարանները, ինչպես և առհասարակ հանրագիտարանները, նշանակալի ներդրում են համաշխարհային մշակույթի պատմության մեջ և համարվում են ազգային հարստության անքակտելի մաս: Երաժշտական հանրագիտարաններ ունեն գրեթե բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները` երաժշտության պատմության համաշխարհային գործընթացներում շեշտելով նաև սեփական ժողովրդի ձեռքբերումներն այդ ոլորտում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ օրս մեզանում գոյություն չունի նման համապարփակ հրատարակություն, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ձեռնարկել է «Հայ երաժշտության հանրագիտարանի» ստեղծումը և հրատարակումը: Այս նպատակով ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են վաստակաշատ երաժշտագետներ, Հայկական հանրագիտարանի հրատարակչության, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, Հայաստանի երգչախմբային ընկերության ներկայացուցիչներ:
Հուլիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրվել էր վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը. ներկայացվել է նախարարության հանձնարարությամբ Հայկական հանրագիտարան հրատարակչության կողմից պատրաստված նախագիծը, որի շուրջ տեղի ունեցած մտքերի փոխանակության և առաջարկությունների քննարկմամբ` ճշտվել է հանրագիտարանի կառուցվածքի և թեմատիկ բառացանկի սկզբունքները, ինչպես նաև ընթացիկ կազմակերպչական հարցեր: