Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտյավիչուսը չի բացառում, որ ռուսական էստրադայի որոշ ներկայացուցիչներ կներառվեն երկրի անցանկալի անձանց ցանկում, ինչպես դա արել էր հարևան Լատվիան:
«Լինելով ԵՄ անդամ, Լիտվան համաձայնեցնում է պատժամիջոցների հարցն այլ երկրների հետ: Ինչ վերաբերում է ցանկում կոնկրետ կատարողներ ներառելուն, ապա նման որոշում դեռ չկա, սակայն մենք չենք բացառում, որ ապագայում քարոզչության դեմ պայքարի շրջանակներում դա նույնպես կքննարկվի»,- նշել է նա:
Դրա հետ մեկտեղ՝ Լիտվայի լիբերալ շարժման առաջնորդ Էլիգիուս Մասյուլիսը կարծում է, թե միայն որոշ կատարողների՝ երկիր մուտքն արգելելով հարցը չի լուծվի: Նա երազում է, որ նման կատարողների համերգները Լիտվայում մի օր չեղյալ համարվեն՝ տոմսերի չվաճառվելու պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչն արգելել էր ռուս էստրադային կատարողներ Օլեգ Գազմանովի, Իոսիֆ Կոբզոնի և Վալերիայի մուտքը երկիր: