Երեկ «ՀՏրոՈսՑ» լրատվական կայքը գրել էր, որ հուլիսի 15-ին՝ Մոնակոյից վայրէջք կատարելիս «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է հայտնի հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ըստ աղբյուրի՝ պատճառը եղել է գործարարի կապը հանցավոր խմբավորման հետ: Թե որքանով են Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմքերն արժանահավատ` ցույց կտա ժամանակը, սակայն նկատի առնելով Ռուսաստանում առկա քաղաքական իրավիճակը, երբ արդարադատությունն իրականացվում է բացառապես Պուտինի հրահանգով եւ քմահաճույքով (հիշենք Խոդորկովսկուն), չի բացառվում, որ հայազգի գործարարի ձերբակալության հետեւում առկա են քաղաքական դրդապատճառներ: Չմոռանանք, որ Լեւոն Հայրապետյանը համարվում է միջազգային մակարդակի լոբբիստ` թե՛ Ցեղասպանության, թե՛ Ղարաբաղի անկախության ճանաչման հարցերում: Բացի այդ, վերջին շրջանում նա հանդես էր գալիս Հայաստանի իշխանությունների հասցեին խիստ քննադատությամբ: Հիշեցնենք, որ իր վերջին աղմկահարույց հարցազրույցում նա ասել էր. «Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա` ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ»:
Ի դեպ, մինչ ռուսական ԶԼՄ-ները նշում են, թե գործարարին ձերբակալել են Մոնակոյից վերադառնալիս, Լեւոն Հայրապետյանի ազգականը՝ Վանք գյուղի բնակիչ Վահան Գուրգենյանը, «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ գործարարը հուլիսի 9-ից գտնվել է Վանք գյուղում, հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ապա եկել է Երեւան, որտեղից էլ հուլիսի 14-ին մեկնել է Մոսկվա:
Թեեւ նախկինում եւս հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվել են տարբեր դիվերսիոն միջադեպեր, ակնհայտորեն` վերջին ամիսներին դրանք կտրուկ ինտենսիվացել են: Սակայն չնայած այդ հանգամանքին, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների արտգործնախարարները որեւէ կերպ չեն արձագանքել հրադադարի ռեժիմի խախտումներին, դիվերսիայի փորձերին ու ադրբեջանական զինուժի կողմից սահմանամերձ գոտում խաղաղ բնակիչների սպանությանը: «Ժողովուրդ»-ը դիվերսիոն վերջին հարձակման վերաբերյալ հարցումներ է ուղարկել Հայաստանում ԱՄՆ, ՌԴ եւ ԵՄ անդամ երկրների դեսպանատներ` ցանկանալով պարզել նրանց տեսակետը կատարվածի շուրջ: Սակայն երեկվա դրությամբ նշված կառույցներից եւ ոչ մեկը մեր հարցմանը չէր պատասխանել: Համր է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, որն այդպես էլ ծպտուն չհանեց Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի կատարած սպանությունների կապակցությամբ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր սովորույթ է ձեռք բերել՝ գրեթե ամեն օր աշխատանքն ավարտելուց հետո, ժամը 22.00-ի սահմաններում, Կառավարության շենքից` միայնակ քայլելով գնում է Հյուսիսային պողոտա, ծանոթանում կատարվող աշխատանքներին, ապա քայլում դեպի Ազատության հրապարակ, այնտեղից էլ արդեն մեքենայով ուղեւորվում տուն: Նախօրեին Հ. Աբրահամյանը կրկին Հյուսիսային պողոտայում է եղել՝ փորձելով հասկանալ, թե, ի վերջո, երբ են ավարտվելու շինարարական աշխատանքները: Ի դեպ նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե ինքն արձակուրդ չի գնալու ու ամբողջ ամառվա ընթացքում աշխատելու է, ու ստացվում է, որ ձեռքի հետ էլ հսկելու է պողոտայի շինաշխատանքները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության «հնաբնակ» անդամները հերթով մեկնելու են արձակուրդ, իսկ նորանշանակներին հանձնարարվել է ակտիվ աշխատել:
ՀՀ վերահսկիչ պալատը տեւական ժամանակ է, ինչ ստուգումներ է իրականացնում «Հայկական միրգ» ԲԲԸ-ում: Այդ ստուգումների արդյունքում դեռ ամիսներ առաջ պարզվել էր, որ «Հայկական միրգ»-ը իտալական կազմակերպությունից ձեռք է բերել 10000 հատ ընկուզենու պատվաստացու` 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին Հայաստանում: Սակայն Իտալիայից ձեռքբերված պատվաստացուներն ամբողջովին փչացել են իտալացի փորձագետի մեղքով: Ու չնայած դրան` պատվաստման նախապատրաստական աշխատանքների համար իտալացի փորձագետին վճարվել է շուրջ 6.4 մլն դրամ: Նշենք, որ «Հայկական միրգ» տխրահռչակ ընկերության ստեղծման գաղափարը կապվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ. այս ծրագրով ՀՀ պետբյուջեից խոշոր յուրացումներ են կատարվել: