Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում աննախադեպ դեպք է տեղի ունեցել, մարտի 23-ին բժշկի մոտ մտնելու իր հերթին սպասող հիվանդը մահացել է հենց բժշկի աշխատասենյակի մոտ դրված աթոռին նստած: Ըստ տարածված տեղեկությունների` նրան ժամանակին բուժօգնություն չի ցուցաբերվել, ինչն էլ գուցե մահվան պատճառ է դարձել: Պոլիկլինիկայում կտրականապես հերքում են, թե հիվանդը մահացել է երկար սպասելու և ժամանակին բուժօգնություն չստանալու պատճառով: Հայտարարում են, որ նա ծանր հիվանդություն է ունեցել, մահը վրա է հասել կայծակնային արագությամբ, և դա կարող էր տեղի ունենալ ցանկացած պահի: Ինչպես երեկ թերթի թղթակիցը տեղեկացել է թիվ 19 պոլիկլինիկայում, մահացողը 73-ամյա Հերբերտ Մանուկյանն է, որն այցելել էր սրտաբանին` զննության ենթարկվելու և համապատասխան բուժում ու դեղորայք ստանալու նպատակով: Պոլիկլինիկայի տնօրենի բուժգծով տեղակալ Սուսաննա Նալչադյանը թերթի հետ զրույցում, մանրամասներ ներկայացնելով կատարվածի մասին, ասել է, «նա նստած է եղել միջանցքում` սրտաբանի կաբինետի դիմացը, որտեղ կան նստելու հարմարանքներ և, սրտաբանի ասելով եմ ներկայացնում, հիվանդները եկել են, ասել են` միջանցքում հիվանդ է վատացել: Սրտաբանը անմիջապես մոտեցել է հիվանդին: Միանգամից արձանագրվել է կլինիկական մահ: Անմիջապես սրտաբանի կողմից շտապ օգնություն է հրավիրվել, և կատարվել են անհետաձգելի վերակենդանացման միջոցառումներ: 4-5 րոպեի ընթացքում ժամանել է շտապօգնության անձնակազմը, որը կատարել է դեֆիբրիլացիա, բայց արդեն հիվանդի մոտ եղել է կլինիկական մահ””:
Հայկական ժամանակ. Բժշկի մոտ մտնելու իր հերթին սպասող հիվանդը մահացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ