«ԱԼԻԵՎԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՄԻԱՅՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ԿԱՐՈՂ Է ՂԱՐԱԲԱՂԸ ՎԵՐՑՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ, պաշտապանության նախկին նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ալիեւը չի համակերպվում այն մտքի հետ, որ երբեք ոչ մի բանակցությունների միջոցով Ղարաբաղն իրենը չի դառնալու: Սակայն պատերազմով հարցը լուծելու տարբերակը, մեր զրուցակցի համոզմամբ, ամենեւին չի ոգեւորում Ադրբեջանի ժողովրդին:

-Պարոն Մանուկյան, Ձեր կարծիքով` ինչու են ՀՀ իշխանությունները միայն այժմ որոշել բարձրաձայնել իրենց մտահոգությունը` կապված մեր դաշնակից պետության` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Ի վերջո, ռուս-ադրբեջանական պայմանագիրը նոր չէ, եւ զենքի վաճառքի գործարքներն էլ արդեն քանի տարի է` իրականացվում են:
-Դա առաջին պահից էլ անհանգստացնող է եղել, ո՞նց թե… քո հակառակորդին զենք են տալիս, որով ինքը քեզ պետք է սպանի, դա անհանգստանալու բան չի՞:
-Անշուշտ անհանգստանալու է: Խնդիրն այն է, սակայն, որ երբեւէ ՀՀ իշխանություններն այդ մասին հրապարակային ելույթներ չեն ունեցել, ինչպես դա տեղի ունեցավ օրերս Արգենտինայում, երբ դրա մասին խոսեց նաեւ Սերժ Սարգսյանը:
-Հանրային խորհրդում մենք հենց սկզբից էլ շատ կոշտ ենք արտահայտվել ու հարցապնդումներ ենք արել, դա մեզ համար միշտ էլ անընդունելի է եղել: Թե ով ինչպես է իրեն պահում՝ դա ուրիշ է, բայց բնական է, որ այդ հարցը մտահոգիչ է: Դիրքից ելնելով, չգիտեմ պատասխանատվությունից ելնելով… դիվանագիտական հարցեր կան, այդ առումով կարելի է բացատրել, բայց բնական է, որ այդ հարցը բոլորիս էլ անհանգստացնում է:
-Շատ փորձագետների կարծիքով` հնարավոր է՝ ինչ-որ բան է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում, ինչի համար էլ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ ՊՆ Սեյրան Օհանյանն արդեն սկսել են հրապարակավ իրենց դժգոհությունը ցույց տալ ՌԴ-ին: Ձեր դիտարկմամբ` հարաբերությունների փոփոխություն կա՞, եւ հնարավոր համարո՞ւմ եք, որ դա պայմանավորված լինի նաեւ վերջին սահմանային միջադեպերով, այդ թվում եւ` ադրբեջանական դիվերսանտների ներթափանցմամբ:
-Ես չեմ կարծում, որ դիվերսիոն խմբերի ներթափանցումները որեւիցե կապ ունենան հայ-ռուսական հարաբերությունների հետ, նման բան չեմ տեսնում: Բայց իհարկե դիվերսիոն խմբերի ակտիվացումն էլ վերջին ժամանակաշրջանում շատ մտահոգիչ է, որովհետեւ մենք մարդկանց ենք կորցնում ու ՀՀ-ի ներսում ամեն օր անորոշությունն աճում է, որը լավ չէ երկրի զարգացման համար:
-ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե «Քաղաքական լիդերը ցանկացած հարցի պատասխան է տալիս, երբ գտնում է, որ դրա ժամանակը եկել է»: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է հենց հիմա որոշվել, որ ժամանակն է ավելի կոշտ դիրքերից հանդես գալ:
-Ես ուրիշների բառերը չեմ մեկնաբանում, ամեն մեկն ասում է այն, ինչ ինքը կարծում է: Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ես ասում եմ՝ առաջին իսկ պահից էլ, երբ տեղեկացել ենք, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում դա անհանգստություն է առաջացրել ե՛ւ ինձ մոտ, ե՛ւ հանրային խորհրդի անդամների մոտ: Ու տարբեր առիթներով, տարբեր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցը բարձրացրել ենք: Սա լուրջ հարց է, ու ես կարծում եմ ու համոզված եմ, որ նույն այդ անհանգստությունը եղել է նաեւ բոլոր իշխանավորների մոտ: Ուրիշ բան, թե ինչ-ինչ հարցերից ելնելով` իրենք ինչպես են արտահայտվել, բայց այդ անհանգստությունը եղել է ընդհանուր` մեր ողջ ժողովրդի համար:
Այդուամենայնիվ, Ձեր նշած անհանգստությունը երբեէ հրապարակային չի դրսեւորվել, եւ այնպիսի տպավորություն է, որ իշխանություններն ինչ-որ բանի են սպասել, որը չիրականանալուց հետո` սկսեցին արտահայտել իրենց մտահոգությունը:
-Ես դա չեմ ուզում մեկնաբանել, ես նշում եմ, որ մտահոգությունն ընդհանուր է: Իմ տպավորությունն այնպիսին է, որ իշխանավորները` ե՛ւ նախագահը, ե՛ւ պաշտպանության նախարարը, ե՛ւ մյուսները անհանգստացած են եղել, ու նոր չի իրենց անհանգստությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով արտահայտվել են տարբեր ձեւերով, դա արդեն դիվանագիտական ու քաղաքական ձեւեր են:
-Իսկ Դուք վտանգ տեսնո՞ւմ եք այս զարգացումներում, երբ անգամ Սերժ Սարգսյանը չի բացառում պատերազմի վերսկսումը:
-Ես իհարկե վտանգ տեսնում եմ: Ալիեւը չի համակերպվում այն մտքի հետ, որ երբեք ոչ մի բանակցությունների միջոցով Ղարաբաղն իրենը չի դառնալու, դա բացառվում է: Դա անբնական է, դա հակասում է համաշխարհային պրակտիկային, դա ընդհանրապես անհեթեթություն է: Այսինքն՝ իրենց ժողովուրդը չի հաշտվում: Եվ միակ ելքը, որ իրեն մնում է` դա պատերազմով հետ վերցնելն է, բայց հասկանում է, թե դա ինչ մեծ պրոբլեմ է իր համար: Ու այս պահին դա անհնարին է երեւում, դրա համար հավասարակշռության ցանկացած խախտում մեզ համար ձեռնտու չէ, որովհետեւ Ադրբեջանի ինքնավստահությունն ավելորդ տեղը բարձրացվում է, որը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար:
-Ձեր դիտարկմամբ` ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցումը ՀՀ տարածք արդյոք չի՞ վկայում այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:
-Ես չեմ կարծում, որ լարվածության էսկալացիայով պետք է սկսվի պատերազմը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու լինի` ինչ-որ մի ժամանակաշրջան դրանից առաջ բավականին լուռ կլինի, որպեսզի զգոնությունը թուլացնի: Ինչպես պատերազմի ժամանակ իրենք արդյունքի չհասան, այդպես էլ դիվերսիոն խումբը չհասավ: Գուցե կարողացան իրենց սառած ժողովրդի մոտ պատերազմի շուրջ ոգեւորություն կամ զգացմունքներ առաջացնել, բայց ռազմական տեսակետից որեւէ հաջողության այդպես էլ չհասան:
-Հայկական կողմն արդեն հայտարարել է, որ այս դիվերսիան կոշտ պատասխանի է արժանանալու: Ըստ Ձեզ՝ արդյոք պե՞տք է պատասխան տալ, եւ եթե այո` ապա ինչպիսի՞:
-Դա քաղաքական հարց է, իշխանությունները վերցրել են քաղաքական կուրս, որ պատասխան տալու են, բայց լարվածությունը չեն ավելացնելու: Տարիների ընթացքում ՀՀ-ն գործում է այդ ձեւաչափով ու այդ տեսանկյունից` բավականին հետեւողական: Ես կարծում եմ` Ալիեւը հասկանում է, որ միայն պատերազմով կարելի է Ղարաբաղը վերցնել, բայց ես համոզված եմ, որ Ադրբեջանի ժողովրդին դա առանձնապես չի էլ ոգեւորում:

 
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս