Երեկ «ՀՏրոՈսՑ» լրատվական կայքը գրել էր, որ հուլիսի 15-ին՝ Մոնակոյից վայրէջք կատարելիս «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել էր գործարար Լեւոն Հայրապետյանը: Ըստ աղբյուրի՝ պատճառը եղել է գործարարի կապը հանցավոր խմբավորման հետ: Սակայն Լեւոն Հայրապետյանի՝ Վանք գյուղի բարեկամներից Վահան Գուրգենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածը թյուրիմացություն է, քանի որ հուլիսի 14-ին գործարարն Արցախից մեկնել է ուղիղ Մոսկվա: Աշխարհի ամենահարուստ 10 հայերից մեկի՝ Լեւոն Հայրապետյանի ձերբակալման հետեւում կարող է թաքնված լինել ե՛ւ դավադրություն, ե՛ւ թյուրիմացություն, ե՛ւ վրեժ ու թակարդ: Չմոռանանք, որ Լեւոն Հայրապետյանը համարվում է միջազգային մակարդակի լոբբիստ թե՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման, թե՛ Ղարաբաղի անկախության ճանաչման հարցերում:
Ձերբակալությունն ինչպես որ եղել է
Երեկ ռուսական «ՀՏրոՈսՑ»-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, գրել էր, որ Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները: Հետաքննիչները ուժեղացված հսկողությամբ գործարարին տեղափոխել են ՌԴ քննչական կոմիտե` հարցաքննության, որտեղ էլ ավելի ուշ ձերբակալել են: Ավելին՝ առաջիկայում քննիչները մտադիր են Հայրապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան: Իսկ պատճառն առայժմ, ըստ ռուսական լրատվամիջոցների, այն է, որ նախաքննական մարմինը կասկածներ ունի, թե Լեւոն Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ՌԴ դումայի վերին պալատի նախկին սենատոր, ցմահ ազատազրկման դատապարտված Իգոր Իզմեստեւը: Իսկ ահա Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը գործարարի ձերբակալության վերաբերյալ որեւէ տեղեկություն չուներ եւ պարտաստվում էր պարզել լուրի իսկությունը:
Ղարաբաղում
զարմացած են
Մինչ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը կփորձեր պարզել դեպքի հանգամանքները, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Լեւոն Հայրապետյանի՝ հայրենի Վանք գյուղի գյուղապետ Անդրեյ Սարգսյանի հետ: Ինչպես ասաց գյուղապետը, Լեւոն Հայրապետյանը հուլիսի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է եղել. «Իր կոմբինատի հարցերով էր եկել ու երեք օր առաջ գնացել է: Ես իրեն անձամբ չեմ տեսել, քանի որ ճանապարհի վերանորոգման հարցով եմ զբաղված եղել, բայց միշտ, որ տեսել եմ, նորմալ տրամադրություն է ունեցել: Մենք շատ զարմացած ենք, չգիտենք՝ ինչ է կատարվել»,-ասաց գյուղապետը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործարարի մտերիմ հարազատներից Վահան Գուրգենյանն էլ պատմեց, որ Լեւոն Հայրապետյանը հուլիսի 9-ից գտնվել է Վանք գյուղում: «Նա շատ լավ տրամադրություն է ունեցել: Վանք գյուղում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, երկար զրուցել են: Իսկ հուլիսի 13-ին Լեւոն Հայրապետյանն իր ուղղաթիռով Վանք գյուղից, որի մեջ են եղել իմ դուստրը՝ Տաթեւիկ Գուրգենյանը, Վահան Շիրխանյանը, գործարարի եղբոր տղան, գնացել են Երեւան, որպեսզի այնտեղից գնան Մոսկվա: Վստահեցնում եմ ձեզ, գործարարը ոչ մի Մոնակո էլ չի գնացել, նա Հայաստանից հուլիսի 14-ին թռիչքով մեկնել է Մոսկվա: Աղջիկս զանգահարել է գործարարին, նրա հեռախոսն անջատված է եղել: Նա հաճախ է այն անջատում, չգիտենք այլ բան, պարզապես շատ զարմացած ենք»,-ահա այսպես դեպքերի ժամանակագրությունը մեզ ներկայացրեց Լեւոն Հայրապետյանի բարեկամը:
Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանի կատարած բարեգործությունները Լեռնային Ղարաբաղում, հայրենի Վանք գյուղում, եւ ընդհանրապես արցախահայությանը սատար կանգնելու հարցերում անսահման մեծ է՝ մարզադաշտերի կառուցում, դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք ճանապարհների նորոգում, 700 ղարաբաղցի զույգերի ամուսնության կազմակերպում, 2800 զույգի համար էլ համազգային հարսանիքի կազմակերպման ծրագրեր… եւ այդպես շարունակ:
Ով է ուզում վրեժխնդիր
լինել
Արդյո՞ք գործարարը կապ ունի հանցավոր խմբավորման հետ, թե՞ սա ծրագրված թակարդ էր Լեւոն Հայրապետյանի դեմ: Երեկ ազատամարտիկ Արկադի Տեր- Թադեւոսյանը հայտարարել էր, որ սա Ադրբեջանի կողմից ծրագրված ծուղակ է: Ըստ լուրերի՝ գործարարը մեծ ուժ էր Արցախի համար, միջազգային հարթակում, ինչը խոչընդոտում էր Ադրբեջանի՝ Ղարաբաղին տիրանալու հեռանկարներին: Ավելին, ըստ տարածված տեղեկությունների՝ գործարարի վերաբերյալ աղմկահարույց տեղեկատվություն հրապարակած կայքը` «Ռոսբալտ»-ը, ադրբեջանամետ ուղղվածություն ունի, իսկ այս շրջանակները մշտապես Լեւոն Հայրապետյանի դեմ քարոզչությամբ են զբաղվել:
Այլ վարկածներ
Չի բացառվում, որ Հայրապետյանին ձերբակալելը կապված լինի վերջին տարիներին նրա աղմկալի քաղաքական հայտարարությունների հետ: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2013թ. սեպտեմբերի 10-ին գրել էր, որ «Եվրոպայի հայկական միությունների» ֆորումի ժամանակ, Սլովակիայում որոշվել է ստեղծել համահայկական ճակատ, որի նպատակն էր «նպաստել ՀՀ-ում արագ իշխանափոխությանը»: Եվրոպայում բնակվող հայերի մասնակցությամբ կայացած նիստին ներկա էր եղել նաեւ Լեւոն Հայրապետյանը, ով ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ իշխանափոխությունը Հայաստանում պետք է տեղի ունենա 20 րոպեում, որ չվերածվի հեղափոխության, ու «մեր թշնամիները չուրախանան»: Բացի դրանից՝ Հայրապետյանի ֆինանսավորմամբ պետք է ստեղծվեր «Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն», միջազգային համահայկական հ/կ, որից պետք է վախենային ավելի, քան հրթիռներից եւ հրետանուց:
Սակայն սա դեռ վերջը չէ գործարարի ներհայաստանյան թեմաներով հայտարարություններից: 2012թ. դեկտեմբերի 25-ին Լեւոն Հայրապետյանը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հետ զրույցում հանդես էր եկել գործող իշխանություններին ուղղված խիստ քննադատությամբ: Նա մեղադրել էր իշխանությանը՝ տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունը ձախողելու մեջ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին «զրո» էր անվանել՝ արտաքին քաղաքականության եւ ԼՂՀ հարցի հետ կապված: Հայրապետյանը խոսել էր Հայաստանում տիրող կոռուպցիայից, այնուհետեւ անցում կատարել օլիգարխներին։ «Ես առաջարկում եմ իրականացնել «Ցուցակ» օպերացիա: Այդ «Ցուցակ»-ը հայտնի է բոլորին: Հեռուստացույցով ցուցադրվող որոշ օլիգարխներ նվիրաբերում են ժողովրդին կոպեկներ այն ամենից, ինչ գողացել են ժողովրդից: Նրանք դրանով բարեգործի իմիջ են ստեղծում` այդ ֆունդամենտի վրա քաղաքական նպատակներ կառուցելով: Ցանկանում եմ ընդգծել. նրանք տալիս են կոպեկներ չմուծած հարկերից կամ ժողովրդից գողացած փողերից: Հայաստանում հարյուրից ավելի օլիգարխների գոյությունը չմուծված հարկերի արդյունք է, իսկ նրանց կողմից իրականացվող բարեգործությունն՝ ուղղակի ողորմություն: Հայաստանում ցինիզմն է ծաղկում», -ասել էր Լեւոն Հայրապետյանը: Ըստ էության, նա այն եզակի մեծահարուստն էր Ռուսաստանից, ով աչքի ընկավ Հայաստանի իրավիճակի մասին նման գնահատականներով: Ուստի չի բացառվում, որ գործարարի այս քննադատությունն էլ դարձավ նրան ձերբակալելու պատճառներից մեկը: Իսկ թե ինչ կպարզվի հետո, կապրենք ու կտեսնենք:
Հ. Գ. Կրկին ըստ «ՀՏրոՈսՑ»-ի իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրի՝ երեկ Լեւոն Հայրապետյանը կասկածվում էր ՌԴ ՔՕ 160 (վատնում) եւ 174-րդ հոդվածների (հանցավոր եկամուտների օրինականացում) հատկանիշներով կատարած հանցագործությունների մեջ: Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ 2008թ. «Բաշնեֆտ» ընկերության վաճառքից Հայրապետյանը մեծ տոկոս է ստացել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ