Armenian text to speach

ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ ԾԱԽՍՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանում ժամանակակից այգեգործության ներդրման, թարմ մրգի եւ ընկուզենու արտահանման, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային եւ միջազգային շուկայում ներկայացնելու նպատակով կառավարությունը 2011թ. նոյեմբերին ստեղծեց «Հայկական միրգ» ԲԲԸ: Վերջերս «Հայկական միրգ» ընկերության գործունեության ու ծախսված գումարների վերաբերյալ բավականին լուրջ բացահայտումներ է արել ՀՀ Վերահսկիչ պալատը, ինչի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ընկերության տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի հետ: Ի դեպ, վերջինս տեղեկացրեց, որ այս պահին էլ ՀՀ Վերահսկիչ պալատը ընկերությունում ստուգումներ է իրականացնում:

-Պարոն Հովհաննիսյան, ծրագրով նախատեսված էր հիմնել շուրջ 700 հա ծիրանի, դեղձի եւ ընկուզենու այգիներ: Բայց ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ 2011թ. հունիսին Ծրագրի ղեկավար խորհուրդը որոշել է ի սկզբանե նախատեսված 700 հա այգիների փոխարեն ստեղծել 306 հա այգի` այդ պարագայում, սակայն, անփոփոխ թողնելով ծրագրի բյուջեն: Ինչպե՞ս դա հասկանալ, ինչո՞ւ է նախատեսվածից կիսով չափ պակաս այգիների համար հատկացվել ողջ ծրագրի համար հաշվարկված բյուջեն, ինչո՞ւ այն եւս չի նվազեցվել:
– ՎՊ-ն ամեն ինչ գորշ գույներով է ներկայացնում: Գոյություն ունի ծրագրի ավարտման ժամկետ. մենք փորձել ենք մինչեւ 2016 թվականը բաժանել ըստ տարիների եւ պլանավորել ենք, թե որ տարին ինչքան այգի պետք է հիմնենք: Հավատացնում եմ ձեզ, որ ծրագրի ավարտին լինելու է 306 հա: Մինչ «Հայկական միրգ» ԲԲԸ-ի ստեղծումը տեղացի եւ դրսի փորձագետները հաշվարկներ են արել 700 հա-ի համար եւ պարզել, որ հատկացված գումարը չի բավարարում 700 հա-ի համար: Ինչից հետո որոշվել է 700 հա-ն կրճատել՝ հասցնելով 306 հա-ի:
-Ի դեպ, ըստ ՎՊ-ի՝ ծիրանի արտադրությունն ընդհանրապես հանվել է ծրագրից՝ այն դեպքում, երբ բիզնես-պլանի հաշվարկներում մեծ տեղ էր զբաղեցնում հենց ծիրանի արտադրությունից ստացվող եկամուտը: Փաստորեն, ծրագիրը մշակելուց առաջ ոչ մի հարց խորությամբ չի ուսումնասիրվել:
-Այո, որովհետեւ ծրագիրը հիմնականում կազմվել է դրսի փորձագետների կողմից, որոնք շատ նրբություններ հաշվի չեն առել: Իսկ ծիրանի արտադրությունն ամբողջովին չի հանվել, մենք այն հետ ենք գցել: Մեր հանրապետությունում ծիրանի արտադրությունը կորիզից է արվում, իսկ կորիզից ստացվածը լինում է այն, ինչը որ մենք ունենք. ուշ է բերք տալիս: Մինչդեռ հիմա ամբողջ աշխարհում օգտագործվում են կլոնային պատվաստակալներ, որոնք արտադրվում են լաբորատորիայում: Սրանք ունեն մազարմատների փունջ եւ ծառը փոքր են պահում, ինչի դեպքում էլ մենք հեկտարի վրա ավելի շատ ծառ ենք տնկում եւ բնական աղետներից պաշտպանությունն ավելի հեշտ է լինում, էլ չասած` ավելի շուտ են մտնում բերքի տակ: Մենք փորձում ենք անցնել այս տարբերակին:
-ՎՊ ստուգմամբ պարզվել էր նաեւ, որ իտալական կազմակերպությունից ձեռք է բերվել 10000 հատ ընկուզենու պատվաստացու` 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին «Արագածոտնի ԳԱՄԿ» ՓԲԸ-ից 4.8 մլն դրամ արժեքով ձեռքբերված 10000 հատ ընկուզենու սերմերից ստացվելիք պատվաստակալներով: Բայց Իտալիայից ձեռք բերված պատվաստացուներն ամբողջովին փչացել են իտալացի փորձագետի մեղքով: Ու չնայած դրան` այդ պատվաստման նախապատրաստական աշխատանքների համար իտալացի փորձագետին վճարվել է շուրջ 6.4 մլն դրամ: Պարզե՞լ եք, արդյոք սխա՞լ պատվաստման արդյունքում են դրանք փչացել: Համապատասխան փոխհատուցում տրվե՞լ է, թե՞ ոչ:
-Իհարկե, մեծ գումարներ ենք կորցրել: Նրան դեռ մի 16-17 հազար դոլարի չափով գումար պետք է վճարեինք, եւ ես առաջինն էի, որ կանխեցի: Չտվեցինք այդ գումարը: Նույնիսկ տնօրենների խորհրդի ժամանակ որոշեցինք դատի տալ այդ փորձագետին: Հետո նա այնտեղից հայտարարեց, թե իբր ինքն է դատի տալու մեզ: Բայց հիմա լուռ է: Ինքը պատվաստելու ճիշտ մեթոդ չէր ընտրել:
-Մի՞թե իտալացի փորձագետի գործունեությունը ոչ ոք չի վերահսկել, եւ ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում կորցրած գումարը հետ վերադարձնելու ուղղությամբ:
-Նրան մերոնք հավատացել են ու լիարժեք վստահել, ընդունել են որպես միջազգային փորձագետ: Ավելին՝ նրա օգնությանը դիմելու խամար խորհուրդ է տվել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄ): Ինքն իր պատիժը ստացել է, կորցրել է իր հեղինակությունը: Դե, ինքն էլ այլ կերպ է իրեն արդարացնում: Փորձագետը պատճառաբանում է, որ եղանակը խոչընդոտել է իր գործունեությունը. եղանակը կտրուկ տաքացել է: Սակայն միեւնույն է՝ նա պետք է կանխատեսեր դա:
-«Հայկական միրգ» ԲԲԸ-ն Հայաստանում ծիրանի, դեղձի եւ ընկուզենու այգիներ հիմնելու եւ ծրագրին աջակցելու նպատակով պայմանագիրը կնքել էր Զիմբաբվեում գրանցված աֆրիկյան «Մաքֆերսոն Քընսալթինգ Գրուպ» ընկերության հետ` 462.7 հազ. ԱՄՆ դոլար արժեքով: ՎՊ ստուգման պահի դրությամբ աֆրիկյան ընկերությանն արդեն վճարվել էր 292.5 հազ. ԱՄՆ դոլար: Թե ինչ ծառայության դիմաց է վճարվել այս գումարը, անհայտ է: Կպարզաբանե՞ք:
-Փորձագետի խորհրդատվության: Ինքը Անգլիայի քաղաքացի էր եւ այդ խորհրդատվական ընկերությունը ավստրալիական է, ունի դուստր ձեռնարկություն նաեւ Զիմբաբվեում: Այս ծրագրի շրջանակներում փորձագետի մրցույթ է հայտարարվել: Հայտը ներկայացրել է Զիմբաբվեի այս ընկերությունը եւ շահել է: Բայց այս փորձագետն ինչ- որ չափով աշխատել է. բիզնես-պլան է մշակել, հաշվետվություններ է գրել: Փորձագետներին վճարվելիք գումարը որպես դրամաշնորհ տվել է ԳԶՄ-ն՝ միայն փորձագետին վճարելու համար: Դե որ արդյունավետ լիներ՝ մինչեւ հիմա կաշխատեր:
-Պարոն Հովհաննիսյան, ովքե՞ր են ընկերության տնօրենների խորհրդի կազմում:
-Դե քանի որ լիազոր մարմինը Գյուղատնտեսության նախարարությունն է, այդ պատճառով էլ գյուղփոխնախարար Սամվել Գալստյանը տնօրենների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են նաեւ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարություններից ներկայացուցիչներ, զարգացման գործակալության ներկայացուցիչ, ֆերմերների ասոցիացիայի եւ անհատ ֆերմերներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս